ԿԱՏՐԻՆ ԴԸՆՅՈՎ. ամուսնության մոլի հակառակորդը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | December 15, 2010 15:00

Դերասանուհու կյանքում եղել են  շատ հետաքրքրություններ, կրքեր, մտերիմ տղամարդիկ և պարզապես երկրպագուներ: Սակայն ամուսնությունը եղել է ընդամենը մեկը, այն էլ ոչ այնքան սիրելի մարդու հետ (ինչպես հետագայում խոստովանել է ինքը): Չնայած դերասանուհին ապրում է արդեն վաթսուներորդ տասնամյակը, սակայն  շարունակում է մնալ առաջատար ֆիրմաների դեմքն ու ներկայացնել դրանց արտադրանքը: Ըստ երևույթին, այդ դեմքի վրա  տարիներն ու հույզերը հետք չեն թողնում:

Երկու քույր

Կատրինը ծնվել է 1943-ի հոկտեմբերի 22-ին,  փարիզյան դերասանների ընտանիքում: Մայրը վաղ է հեռացել բեմից. նա ունեցել է 4 դուստր: Իսկ հայրը շարունակում էր խաղալ կինոյում:  Աղջկա  մայրը մահացավ, երբ Կատրինն ընդամենը ութ տարեկան էր, ու հոր ուսերին ընկավ մեծացող երեխաների  խնամքի ողջ ծանրությունը: Նա ամեն  ամառ աղջիկներին տանում էր գյուղ` թարմ օդ շնչելու, իսկ քաղաք վերադառնալով` հետևում էր նրանց դպրոցական հաջողություններին ու ակտիվորեն զբաղվում գեղարվեստական  դաստիարակությամբ` հոգու խորքում չորսի համար էլ փայփայելով դերասանական կարիերայի հույսեր:

Այդ երազանքները  կամաց-կամաց իրականության  էին վերածվում մեծ աղջկա ` Ֆրանսուազի շնորհիվ: Նա տանն անընդհատ եռուզեռ ու աշխուժություն էր մտցնում իր հորինվածքներով, որոնցում ներգրավում էր նաև քույրերին:  Իսկ Կատրինը, որ փոքր էր նրանից մեկուկես տարով, սուսիկ-փուսիկ էր ու ամաչկոտ: Նիհարիկ ու լռիկ մի աղջնակ, որ խորասուզված էր սեփական անուրջների աշխարհում: Այդուհանդերձ, երկու քույրերը սկսեցին խաղալ սիրողական բեմադրություններում: Ծանոթները կանխատեսումներ էին անում` համոզված, որ Ֆրանսուազին  կինոյում  փայլուն ապագա է սպասում: Թողնելով ուսումը գիմնազիայում` նա  մրրկահողմի պես  ներխուժեց ֆրանսիական կինոէկրան, մինչդեռ նրա փոքր քույրը շարունակում էր ճախրել ամպերի մեջ` կյանքի վերաբերյալ ոչ մի լուրջ պլան չկառուցելով: Միայն հոր մշտական հորդորներին տեղի տալով, թե այդ սիրունիկ դեմքով կինոխցիկից խուսափելը պարզապես հանցագործություն է, նկարահանվեց «Գիմնազիստուհիները» ֆիլմում:

Շուտով երկու քույրերը միասին խաղացին «Դռները շրխկում են» ֆիլմում:  Գրեթե նույն ժամանակ կինոհորիզոնում փայլատակեց Բրիջիտ Բարդոյի աստղը, իսկ կինոքննադատները Ֆրանսուազից ակնկալում էին Բրիջիտից ոչ պակաս պայծառություն: Երբ ավագ քույրը Կատրինին արտիստական բոհեմի աշխարհ մտցրեց, տղամարդիկ իսկույն նկատեցին նրան: Ավելին, նրան հաջողվեց հմայել ոչ ավելի, ոչ պակաս, փարիզյան հայտնի սրտակեր, 32-ամյա մոդայիկ ռեժիսոր Ռոժե Վադիմին:

և նա արարեց կնոջը

Իրականում նրա անունը Վադիմ Պլեմյաննիկով էր, նա հեղափոխությունից հետո Ռուսաստանից փախած ու Փարիզում հաստատված  ռուս դիվանագետի որդի էր: Ռեժիսորի անվան շուրջը սիրային հաղթանակների ու աղմկահարույց պատմությունների  անվերջանալի  շարան էր ձգվում: Սեքս-խորհրդանիշ Բրիջիտ Բարդոյի արարիչը («Եվ աստված ստեղծեց կնոջը») սկզբում ամուսնացավ իր Գալաթեայի հետ, ապա հեռացավ նրանից:

Եվ ահա, անզուսպ Պիգմալիոնը նկատեց նոր թեկնածուին` սևահեր մի աղջկա, որն ընդամենը 17 տարեկան էր, անմիջական ու անփորձ: Նախկին կինը, զուտ կանացի բնազդով ծանոթացնելով ամուսնուն հերթական մուսայի հետ, շշնջաց նրա ականջին. «Զգուշացիր, նա քեզնից ուժեղ է. երբ քեզնից հեռանա, չհամարձակվես կրկին ինձ մոտ  վերադառնալ ու կրծքիս արցունք թափել»:

Ճիշտ է, այն ժամանակ Կատրինի (իր առաջին «արքայազնի» հուշմամբ ազգանունն արդեն Դընյով էր դարձրել) մտքով իսկ չէր անցնում ստեղծագործական ու կանացի այն հնարավորությունների մասին, որոնցով բնությունը շռայլորեն օժտել էր իրեն: Դա նրա համար առաջին սեր էր` խենթ,  փոխզիջումներ չհանդուրժող ու անզուսպ: Հոր տնից դուրս գալով` Կատրինը տեղափոխվեց Ռոժեի տուն և  շշմեցրեց նրան այն հայտարարությամբ, որ ցանկանում է  նրանից երեխա ունենալ: Իսկ այն փաստը, որ սիրեցյալն ամուսնացած էր, աղջկան ամենևին չէր անհանգստացնում: Վադիմը, ոգևորված իր հերթական սիրային հաղթանակով, կամեցավ   աղջկանից երկրորդ «Բարդո» կերտել` այդ նպատակով իր ֆիլմերի գլխավոր դերերը տալով  նրան («Այնտեղ սատանան է վարում պարահանդեսը», «Արատ և առաքինություն»): Սակայն ակնկալվող հաղթանակն այդպես էլ չեղավ: «Ռոժեն իմ Պիգմալիոնը չդարձավ»,- կինոսիրավեպն այսպես  ավարտեց Կատրինը:  Այդ ժամանակ Կատրինն իր մեջ ստեղծագործական ուժ զգաց ու որոշեց, որ այլևս էկրանին ոչ մեկին չի կրկնի, քանի որ աշխարհն իրեն ճանաչում է որպես Կատրին Դընյով:

Բայց այդ ամենը հետո: Այժմ նա ընդամենը 19-ամյա կին էր, ով այնուամենայնիվ տղա ունեցավ ու անվանեց Քրիստիան Վադիմ: Որդին Վադիմի հետ խճճված հարաբերությունների վերջին ակորդն էր:

Այն ժամանակ, երբ երիտասարդ մայրիկը հոգ էր տանում իր առաջնեկի մասին, Ժակ Դեմին մտմտում էր մի ֆիլմ, որը պետք է դառնար իսկական սենսացիա ու հռչակեր երկուսին էլ…

Հովանոցի տակ

Եթե Վադիմը Կատրինի մեջ արթնացրեց կնոջը, ապա Դեմին` դերասանուհուն: Ավելի ճիշտ` բացահայտեց կիսով չափ: «Շերբուրգյան հովանոցները» ֆիլմը Դընյովի  համար գրեթե ինքնակենսագրական էր. հերոսուհին նույնպես իր կյանքում ունեցել էր բուռն սիրավեպ, սիրեցյալից երեխա ունեցել ու  անվանել նրա անունով: Ֆիլմն ավարտվում է ուրիշ տղամարդու հետ ամուսնությամբ: Հետաքրքիր է` ինչպե՞ս կավարտվեր ֆիլմը, եթե երաժշտության հեղինակը Միշել Լեգրանը չլիներ… Այսպես թե այնպես, 1964 թ. ֆիլմը Կաննի փառատոնում  արժանացավ «Ոսկե արմավենու» դառնալով Կատրին Դընյովի դերասանական կարիերայի նախերգանքը:

Շուտով Դեմին որոշեց մի նոր ֆիլմ նկարահանել` «Ռոշֆորցի աղջիկները» մյուզիքլը, որում Կատրինի խաղընկերուհին քույրն էր` Ֆրանսուազը: Էկրանին նրանք ուրախ ու անհոգ էին, երգում էին, զվարճանում` չենթադրելով անգամ, որ դա նրանց վերջին համատեղ աշխատանքն էր: Մի քանի ամսից Ֆրանսուազը զոհվեց վթարի ժամանակ. այրվեց ավտոմեքենայի մեջ: Քրոջ կորուստը նա ավելի ծանր տարավ, քան մոր մահը: Այդ ժամանակվանից, իր իսկ խոստովանությամբ, դերասանուհին չի կարողանում ձերբազատվել մահվան վախից:

Սակայն նա կարողացավ իրեն տիրապետել ու աշխատել: Դերասանուհուն հրավիրեց նկարահանվելու ֆրանսիական «նոր ալիքի» ներշնչողներից ու մասնակիցներից մեկը` Ֆրանսուա Տրյուֆոն: Անսպասելի  էր աշխատանքը զարմանալի`«Զզվանք»  ֆիլմում. երբևէ Կատրինը չէր խաղացել այսպիսի ֆիլմում, որի վերնագիրն այսքան համահունչ լիներ բովանդակությանը:  Իսկ դրանից հետո  նրան նկատեց համաշխարհային կինեմատոգրաֆի իսկական դասական համարվող իսպանացի Լուիս Բունյուելը. նրան է իրավամբ պատկանում Կատրին Դընյով երևույթի բացահայտումը: Ռեժիսորը նրան վստահեց բարդ դրամատիկ դեր իր նոր` «Ցերեկային գեղեցկուհին» ֆիլմում: Ֆրանսուհու սառը աչքերը մի գաղտնիք էին թաքցնում, որը իսպանացին ցանկացավ գուշակել: Բունյուելինն է Դընյովին բնութագրող հետևյալ  միտքը. «Չքնաղ, ինչպես մահը, գայթակղիչ, ինչպես մեղքը և սառը, ինչպես արժանիքը»: Ռեժիսորը երբևէ չզղջաց իր ընտրության համար: Ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում շահեց գլխավոր մրցանակը:

Իտալական կրքեր

Կատրինի հարաբերությունները տղամարդկանց հետ, ի տարբերություն կինոյի, այնքան էլ հաջող զարգացումներ չունեին: «Ես ձեզ սիրում եմ» ֆիլմի հերոսուհին ասում է մտքեր, որոնք ինքը` Կատրինը կասեր. դրանք շատ բնորոշ են նրան. «Ես չեմ կարող ամեն օր նույն ժամին զբաղվել սիրով: Ինձ ժամանակ է պետք, որ մտածեմ սիրո մասին…»: Նրա կյանքում  կային տղամարդիկ, որոնք կարողացան դա հասկանալ ու ընդունել:

Վադիմից հետո նրա կյանքում եղան կարճատև հարաբերություններ հայտնի ֆրանսիացի երգիչ Ջոնի Հոլիդեյի հետ: Իսկ հետո «միայնակ մայրիկը» (Քրիստիանը հազիվ երկու տարեկան էր) անսպասելի սիրահարվեց հայտնի լոնդոնյան լուսանկարիչ Դեվիդ Բեյլիին, ու նրանք շուտով ամուսնացան: Այս ամուսնությունն առաջինն էր ու միակը Դընյովի կյանքում, որը տևեց երեք տարի. դերասանուհին անընդհատ նկարահանումների և ուղևորությունների մեջ էր, իսկ այդ ընթացքում ամուսինը դավաճանում էր նրան գրեթե բոլոր նոր մոդելների հետ:

Նրանք բաժանվեցին առանց զղջման, ու այդ օրվանից դերասանուհու անվանը շաղկապվեց ամուսնության մոլի հակառակորդի համբավը: Նա իրեն հավատարիմ մնաց. սիրահարվեց, սակայն չամուսնացավ: 1971-ին Նադին Տրենտինյանի «Այսպիսի բան տեղի է ունենում միայն ուրիշների հետ» խորհրդանշական վերնագրով ֆիլմում Դընյովը նկարահանվում էր կախ սրտով. դրանից առաջ նա բաժանվել էր Տրյուֆոյից:  Ուստի չէր նկատում, թե ինչ աչքերով է իրեն նայում նոր խաղընկերը` բացսիրտ, կրքոտ Մարչելլո Մաստրոյանին, որ ամուսնացած էր դերասանուհի Ֆլորա Կարաբելլայի հետ և փոքրիկ աղջիկ ուներ: Կատրինին տեսելով` նա կարծես ցնորվեց. դերասանուհու արտաքին սառնությունը տղամարդու սրտում  իսկական հրդեհ բորոբոքեց: Այն էլ ինչպիսի…

Երկու աստղերի սիրավեպը երկար չէր կարող գաղտնի մնալ: Մաստրոյանին թողեց կնոջն ու Փարիզի Լատինական թաղամասում տուն վարձեց: Նրա խելացի կինը ձեռքը թափ տվեց, քանզի վաղուց էր հասկացել, որ իր ամուսնուն հաճախ են սիրահարվում, նա էլ, բարեսրտությունից դրդված, պատասխանում է նույն կերպ, սակայն  երբեք չի  մտածում ընտանիքը թողնելու մասին:

Նույն ընթացքում փարիզյան վարձու  սիրաբույնը վերածվել էր իսկական դրամատիկ թատերաբեմի: Ժակ Դեմին այս միությունը բնութագրեց այսպես. «Զույգ, որ իր նմանը չի ունեցել կինոյի պատմության մեջ: Այդ երկուսի պատմությունը կնշանավորեր ցանկացած ֆիլմ…»:

Սակայն  կյանքը դասավորվեց ոչ այնպես, ինչպես ենթադրում էր Մարչելլոյի կինը. ամուսինն ամուսնալուծություն էր աղերսում: Սխալվում էր նաև Մաստրոյանին` կարծելով, թե այդ ամենը ձևական բնույթ է կրելու: Ասում են, որ նա կարողացավ համոզել կնոջը, բայց ոչ Կատրինին: Չօգնեցին ոչ միայն թանկարժեք նվերները, այլև փոքրիկ Քրիստիանի հետ ընկերանալու փորձերը: Չփրկեց նույնիսկ դստեր` Կյառա-Շառլոտայի ծնունդը: Կյառա իտալերենից թարգմանաբար նշանակում է «պարզ»,  սակայն նրա ծնողների փոխհարաբերություններում այդպես էլ պարզություն չմտավ:

Գոյություն ունի մեկ այլ վարկած, որի համաձայն` այս պատմությունն ավելի պարզունակ ավարտ  է ունեցել: Ասում են, որ աղջկա ծննդից հետո Կատրինն ամենևին էլ դեմ չէր Մարչելլոյի հետ ամուսնությանը, սակայն հենց այդ ժամանակ էլ Մաստրոյանիի կինն արտաբերեց իտալական հայտնի «բաստա»-ն. երեխան ինչ-որ օտարերկրացուց ամենևին էլ ամուսնալուծության պատճառ չէ: Կատրինն էլ ոչ պակաս վճռականությամբ Մարչելլոյի իրերը դուրս նետեց, և Մաստրոյանին  գլխիկոր ընտանիք վերադարձավ: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ այդուհետ Կատրինն այլևս Մարչելլոյի մասին անունով չէր խոսում, այլ օգտագործում էր միայն «Կյառայի հայրը» տարբերակը: Կատրինը միայն վերջերս խոստովանեց. «Վադիմն իմ կիրքն էր, Բեյլին` միակ ամուսինը, իսկ Մաստրոյանին` ամենամեծ  սերը»:

Հետո

Դրանից հետո նրան  բազում սիրային հարաբերություններ են վերագրվում… Ժամանակ առ ժամանակ նրա կողքին հայտնվում էին տարբեր տղամարդիկ:

Դերասանուհին վաղուց է ընկերություն անում Իվ Սեն Լորանի հետ: Իսկ մինչ այդ երկար ժամանակ գովազդում էր հանրահայտ Chanel N 5-ը: Կատրինը  սկսել է  ստեղծել ոսկերչական աշխատանքներ ու պարֆյումերիա, ասես հիշել է, որ երիտասարդության տարիներին ցանկանում էր մոդելավորող դառնալ: Deneuve օծանելիքը ժամանակին մեծ աղմուկ է բարձրացրել: Ի տարբերություն մյուս աստղերի, որոնք   միայն իրենց անունն են վաճառում, այս օծանելիքի ոչ միայն բույրը, այլև սրվակի դիզայնը Կատրինի մտահղացումն էր:

Բարձր նորաձևության  ու պարֆյումերիայի առաջատար ֆիրմաների դեմքը դառնալով (ապա և ազգի. Կատրինը հռչակվեց հերթական Մարիաննա, ում կիսանդրին զարդարում է պետական բոլոր հիմնարկները)` Կատրինն այդ կարգավիճակը պահպանել է մինչ օրս: Եվ այդ ամենն այն տարիքում, երբ մյուս դերասանուհիներին հարգալից մերժում են պայմանագրի երկարաձգումը: Սակայն նա  նույնպես խոստովանում է. «Տարիները կնոջը չեն գեղեցկացնում: Կնճիռները կնոջ հմայքը չեն ավելացնում, ի տարբերություն տղամարդկանց: Ալ Պաչինոն ինձ հմայում է նույնքան, որքան Ջոնի Դեպը»:

Ի դեպ, նրա սառնությունունն ու ձեռներեցությունը, շատերի կարծիքով, ընդամենը դիմակ են: Ասում են նաև, որ Կատրինը սիրում է իր այգին, ճաշկերույթներ ու լավ ընկերական շրջապատ: Տանել չի կարողանում դավաճանությունը, չարությունն ու սեփական անկարողությունը: Այսօր նա տատիկ է ու շարունակում է հավատարիմ մնալ ինքն իրեն. երբեք չի թաքցնում  իր տարիքն ու միայնության մասին ասում է. «Ես մայր եմ, իսկ մայրերը երբեք միայնակ չեն լինում»:

Նրա և՛ որդին, և՛ դուստրը ծնողների հետքերով են գնացել. երկուսի հայրերն էլ մինչև իրենց վերջին օրերը օգնել են զավակներին:  Ուստի Կատրինը չի ձևացնում, երբ ասում է, որ երեխաներն իր կյանքի ամենամեծ հաջողությունն են»:

Դիտվել է 2737 անգամ:
Print Friendly

Leave a Reply