Դավիթն ընկավ, որ Շահումյանը հոգին չտա…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 13, 2010 14:00

1991 թ.  hուլիսի կեսին խորհրդա-ադրբեջանական մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) մեծ կորուստներով գրավվեց Էրքեջ գյուղը, իսկ դրանից առաջ ընկել էին Բուզլուխն ու Մանաշիդը: Բնակչության հավաքատեղին Վերին Շենն էր դարձել:

Եվ ահա  նույն թվականի սեպտեմբերի կեսին սկսվեց հայկական ուժերի ինտենսիվ գրոհը: Մի քանի օր տևած մարտերից հետո, թեև կորուստներով, բայց թշնամուց լիովին ազատագրվեցին այդ գյուղերը, իսկ մյուսները  սպասումի մեջ էին: Հակառակորդի ձեռքում էր նաև Թոդան գյուղը, որի բարձունքից շարունակ կրակի տակ էր պահվում Էրքեջը: Թշնամին Թոդանում երեք հենակետ ուներ, բայց մեր մարտիկների առաջխաղացմանն ավելի շատ խանգարում էր մի նկուղից անընդհատ ճարճատող գնդացիրը:

Արցախյան ազատամարտում մարտիրոսացած ամեն մի զինվոր իր օրն ունի: Դեկտեմբերի 10-ն էլ Դավիթ Սարապյանի (Դև) օրն է: Նա զոհվեց 1991 թ. ճիշտ այդ օրը՝ Թոդանի ճարճատող գնդացիրը լռեցնելիս:

1966 թ. փետրվարի 4-ին Էդուարդ  (Երևան քաղաքի 4-րդ  ճարտարապետ) և Էմմա  (գիտության անխոնջ մշակ) Սարապյանների տանը մեծ ուրախություն էր: Ծնվել էր  ծնողների առաջնեկն ու միակը՝ Դավիթը, որ բարձր էր պահելու իր իշխանական տոհմի (մելիք Բայանդուր, Դանիել բեկ Փիրումով, գունավոր հեռուստատեսության և  լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյան, ճարտարապետ Կարո Հալաբյան) պատիվն ու անունը և իր բաժին կռիվն էր տալու հայրենի հողերի ազատագրմանը: Դեռ դպրոցական տարիքից  ծանոթ էր արցախյան պատերազմի մեկ այլ  հերոսի` «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հետ, որն իր մոր ասպիրանտն էր:

Լավ մարզիկ, կրթված ու դաստիարակված, լավ պահված, ապահով ընտանիքի զավակ: Ուրեմն ի՞նչ էր պակասում, ու ի՞նչ էր փնտրում հեռուներում, որ չէր գտնում այդ երիտասարդը: Կորսված հայրենիքի մի հատվածն էր ուզում վերադարձնել` պապերի հայրենիքը: Այդ իսկ պատճառով շարժման առաջին իսկ օրից պայքարի հորձանուտ մտավ:  Նրա մուտքն Արցախ Շահումյանով ու Գետաշենով սկսվեց: «Տիգրան Մեծ» ջոկատում էր: Մասնակցել է Վարդենիսի, Տողի, Էրքեջի, Բուզլուխի, Մանաշիդի, Ղարաչինարի ինքնապաշտպանական մարտերին: Տողի ազատագրման  ժամանակ պայթեցրել է պապենական տունը, որը թուրքը շտաբ էր դարձրել:  Հողին է հավասարեցրել պապի տունը, բայց վերջնականապես ազատագրել նրա հողը: Երեկոյան զանգահարում է մորը և ուրախությամբ հայտնում բարի լուրը. «Մամ, տատիկի մահվան օրը նշեցինք Տողի ազատագրմամբ»: Մայրը հետո է իմացել, որ որդին պայթեցրել է իր հայրական տունը:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ծառայել խորհրդային բանակում:  Համագործակցել է սցենարիստ-ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ, ավարտին հասցրել «300 րոպե» ֆիլմի սցենարը, որի որոշ կադրեր նկարահանելու համար պատրաստվում էր Վիեննա մեկնել: Բայց պատերազմը խառնեց նրա բոլոր ծրագրերը. զինվորագրվեց պայքարին:

Հաճախ էր մորը տեսության գալիս, բայց երկու օրից ավելի չէր մնում: Վերջին այցը 91-ի հոկտեմբերի 8-ին էր՝ մոր ծննդյան օրը: Եկել է դաշտային ծաղիկների մի փունջ ձեռքին, չսափրված, փոշոտ, թեպետ շատ մաքրակենցաղ էր: Եկել ու ավանդույթի համաձայն դռան զանգը տվել է, մի կողմ քաշվել, որպեսզի մայրը հարցնի՝ ո՞վ է: Ու ինքն էլ պատասխանի. «Քո բարի Դևը, բա՛ց արա»:

Թոդանից եկող երկարատև կրակոցները հոգնեցրել էին բարի Դևին: Որ նա անկանխատեսելի մարդ էր, գիտեին շատերը, բայց որ այդպես արագ գործի կանցներ, ոչ ոքի մտքով չէր անցնում: Կարճատև հանգստի պահին ոսոխի երախը փակելու վճիռ է կայացնում: Դավթի զարկից լռում է Թոդանի չարաբաստիկ կրակակետը, բայց չորս կողմից սուրում են փամփուշտները, որոնցից մեկն էլ Դավթին է բաժին հասնում:

1991 թ.դեկտեմբերի 10-ի օրն իրիկնանում էր: Արևը մեղմիկ թաքնվում է հորիզոնում: Մարում էր նաև քաջ մարտիկի արևը: Այդ օրվանից Դավթի մոր՝ տիկին Էմմայի արևն  էլ խավարեց, ու նա սգավոր դարձավ,  թեպետ մնաց հպարտ ու անկոտրում:

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության առաջին կին անդամն էր Դավթի մայրը, Ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ասպիրանտը, ՀԽՍՀ ԳԱ էլեկտրոնիկայի լաբորատորիայի հիմնադիր ղեկավարը: Այնուհետև երկար տարիներ ղեկավարել է հաշվողական էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտը: Տաղանդավոր գիտնական էր, համեստագույն մարդ: Բազում ասպիրանտներ,գիտության այդ ճյուղի նվիրյալ կադրեր պատրաստած մայրը որդու մահից հետո ապրեց 15 տարի: Վատառողջ էր: Բնական է: Մահացավ՝ Եռաբլուրում թաղված որդու շիրիմին ծաղիկներ դնելու իրավունքը թողնելով մեզ՝ ապրողներիս…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply