Ովքե՞ր են էմոները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 11, 2010 15:44
Վերջին տարներին հասարակության շրջանում հաճախ է շրջանառվում «էմո» բառը, և հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր ոք յուրովի է այն մեկնաբանում: Ու ստացվում են դեռահասների մասին առասպելներ, որոնք հեռու են իրականությունից ու մանավանդ «էմո» հասկացությունից: Դրան էլ գումարվեցին նոյեմբերին ոստիկանություն բերման ենթարկված էմոների ու ոստիկանների դեմ նրանց կազմակերպած երթի փաստերը: Փաստորեն, ամեն նախապայման կա էմոներին ազգի թշնամի դարձնելու համար:
Այս խառնաշփոթի մեջ ճիշտ հետևություններ անելու համար նախ հետ գնանք 80-ական թթ.:
Նախ մեկնաբանենք` ինչ ասել է ենթամշակույթ: Այն գերիշխող մշակույթի մեջ գոյություն ունեցող մշակույթ է,որի անդամներին բնորոշ են այդ ընդհանուր մշակույթից տարբերվող արժեքներ, տարբերվող հայացքներ, հետաքրքրություններ ու կենսակերպ:
Ենթամշակույթները հիմնականում երիտասարդական են, դրանց հիմքում ընկած է երիտասարդների դժգոհությունը գերիշխող մշակույթից, արժեքներից ու կարծրատիպերից: Դա արտահայտվում է նրանց արտաքին տեսքով, վարքով ու կյանքի ընկալմամբ: Այսպիսով, խոսքը սոցիալ-մշակութային ընդվզման մասին է:
Ինչպես բոլոր հասարակական երևույթները, ենթամշակույթների առաջացումն էլ ունի իր պատճառները. նախ` հասարակության մեջ առաջացած հակասությունները, իսկ երիտասարդներն ու դեռահասներն այդ հակասությունների նկատմամբ առավել զգայուն են, ընտրում են հակադրվելու այդ եղանակը, որ հաճախ նրանց մաքսիմալիզմի պատճառով դառնում է հակասոցիալական երևույթ:
Ինչ վերաբերում է Էմոների ենթամշակույթին, նշենք, որ «էմո» անվանումը ծագել է Էմոցիոնալ բառից:
Էմոներն ունեն իրենց բնորոշ ոճը` սև և վարդագույն հագուստ (սևը խորհրդանշում է դաժան, իրական աշխարհը, իսկ վարդագույնը` նրանց մոտեցումը կյանքին), գույնզգույն ապարանջաններ, մետաղյա տարրերով գոտիներ և տարբեր նշաններով պայուսկաներ: Նրանք աչքերը ներկում են սև գույնով, ունեն սև կամ դարչնագույն մազեր, իսկ ձախ աչքը ծածկում է մազափունջը: Նրանց բնորոշ է թախիծը. նրանք իրենց ճնշված ու մեկուսացած են զգում արտաքին աշխարհից:
Էմոների գաղափարախոսությունը. «Մենք դեմ ենք բռնությանը, չարին ու խաղաղության կողմնակիցներ ենք, չենք ընդունում այս դաժան կյանքի օրենքներն ու ցանկանում ենք ապրել միայն խաղաղ, իսկ մեր արտաքինով ցանկանում ենք տարբերվել այս դաժան աշխարհի մարդկանցից ու ցույց տալ, որ մենք նման չենք նրանց»:
Այժմ ներկայացնեմ վերջին շրջանի աղմկահարույց իրադարձությունները, որոնք Երևան քաղաքը բաժանել են երկու մասի` էմոյականների ու հակաէմոյականների:
Նոյեմբերի 18-ին մանկական երկաթուղու թունելի մոտից ուժի կիրառմամբ ոստիկանության բաժանմունք էին տարվել 9 երիտասարդներ իրենց հագուկապի պատճառով և էմոյականության կասկածանքով: Երբ պարզվել է, որ այդ երիտասարդները էմո չեն, և մի փոքր աղմուկ էր բարձրացել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը շտապել է հերքել մամուլի հրապարակումները, թե երիտասարդները բերման են ենթարկվել Էմո շարժմանը հարելու կասկածանքով, և տեղի ունեցածն ընդամենը ոստիկանության կանխարգելիչ միջոցառման հետևանք է եղել, իսկ մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, թե ոստիկանությունը լայնամասշտաբ պայքար է սկսել ինչ-ինչ երիտասարդական մշակույթների դեմ, պարզապես չի համապատասխանում իրականությանը:
Սրան հետևեց մեկ այլ, այս անգամ երիտասարդական նախաձեռնություն, և մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք սկսեցին` պահանջելով վերանորոգել և մշտական հսկողություն սահմանել մանկական երկաթուղուն հարող թունելում, որտեղ հակասանիտարական վիճակ է, և աղբամանների բացակայության պատճառով այն վերածվել է իսկական աղբանոցի: Տարածքը վերանորոգելու և մշտական հսկողություն սահմանելու գլխավոր պատճառն այն է, որ թունելը վերածվել է էմոների հավաքատեղիի:
Իսկ իրադարձությունների գագաթնակետն այն էր, որ ՄՀՆՋ վետերանների միության երիտասարդական թևը կազմակերպեց երթ ընդդեմ էմոների: Երթին մասնակցում էին սևազգեստ երիտասարդներ ու զինվորական շապիկներով աղջիկներ, իսկ թե ում ենթակայությամբ է գործում այս երիտասարդական թևը, հայտնի է բոլորիս:
Մեջբերենք վետերանների միության երիտասարդական թևի նախագահ Հայարփի Ալավերդյանի ճեպազրույցից. «Ակցիան հայաստանյան էմոյական շարժման, սեռական ոտնձգությունների և այլասերվածության դեմ է: Մենք էն հասարակությունը չենք և էն մտածելակերպը չունենք, որ մեր մեջ ընդգրկենք էդպիսի երիտասարդների: Եթե մենք կարողանանք որևիցե պատանու օգնել հետ գալ և ճիշտ ճանապարհի վրա կանգնել, ուրախ կլինենք և կհամարենք, որ ինչ-որ բան արել ենք»:
Վերլուծությունս սկսեմ հենց երրորդ գործողությունից, քանի որ ես ինքս երիտասարդ եմ, իսկ տվյալ խոսքն ասված էր երիտասարդի կողմից ու երկրի երիտասարդության անունից: Հատկապես ուշադրության են արժանի այս խոսքերը . «Մենք էն հասարակությունը չենք և էն մտածելակերպը չունենք, որ մեր մեջ ընդգրկենք էդպիսի երիտասարդների»:
Ակամա հարց է առաջանում. «Իսկ ի՞նչ հասարակություն ենք մենք ու ի՞նչ երիտաարդների կարող ենք հանդուրժել մեր հանդուրժողամետ հասարակության մեջ»:
Մենք տարիներ շարունակ հանդուրժում ենք ամենատարբեր կամ ամենաայլանդակ ենթամշակույթների ներկայացուցիչների, ինչպիսիք են քյարթուներն ու ռաբիսները, բայց չենք հանդուրժում ու պետական մակարդակով աղմուկ ենք բարձրացնում մի ենթամշակույթի անպաշտպան դեռահասների դեմ, այն դեպքում, երբ քյարթու և ռաբիս ենթամշակույթների կրողներն ավելի զանգվածային են, նրանք կան և՛ մեծահասակների, և՛ մանկապարտեզի երեխաների, և՛ անգամ տատիկ-պապիկների շրջանում… Մնում է ուղղակի մտածել, որ մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր նման չեն մեզ, քանի որ քյարթու ու ռաբիս ենթամշակույթների կրողները հենց մենք ենք: Փաստորեն, եթե մենք այս քյարթու ու ռաբիս հասարակությունն ենք, ուրեմն աղջիկը ճիշտ է ասում, որ «մենք էն հասարակությունը չենք և էն մտածելակերպը չունենք, որ մեր մեջ ընդգրկենք էդպիսի երիտասարդների….»:
Անդրադառնամ երկրորդ գործողությանը
Բարբաջանքներ են, թե քանի որ թունելում աղբամաններ չկան, այն վերածվել է աղբանոցի, այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերին հայհոյանքներ են, և այնտեղ հաճախ են հավաքվում էմոները, ուրեմն եկեք ձերբակալենք նրանց:
Նախ` ես ինքս գնացի երկաթուղու թունել ու այնտեղի պատեին չգտա էմոյական մշակույթի հետ կապ ունեցող այդքան մեծաքանակ պատկերներ, այնտեղ կային սատանիստական ենթամշակույթին բնորոշ շատ խորհրդանիշներ ու մեր քաղաքի սևազգեստ, չսափրված, մի խոսքով, քյարթու ու ռաբիս երիտասարդներին բնորոշ հայհոյանքներ ու ժարգոնային արտահայտություններ, սովորական հայ չսուբլիմացված երիտասարդների երազանքներ, մի խոսքով, մեր երիտասարդությանը բնորոշ մի ամբողջ մշակութային արխիվ… Իսկ եթե չկան աղբամաններ, ապա աղբն այդտեղ կարող են թափել ոչ միայն էմոները, այլև այնտեղ ավելի հաճախ կարուսել գնացող անգետ երեխաներն ու նրանց` երևանյան մենթալիտետ ունեցող ծնողները: Աղբի ու հակասանիտարական խնդիրն առկա է ամբողջ քաղաքում, գետնանցումներում: Հետաքրքիր է` դրա համար է՞լ են էմոները մեղավոր: Տեսակետի հետ համաձայն կլինեի միայն այն դեպքում, երբ որոշեին ստորագրահավաք կազմակերպել ու ձերբակալել նաև մեր բակերում պպզող ու 10 րոպեն մեկ հաճախականությամբ գետնին թքող, գիշերները գետնանցումները որպես պետքարան օգտագործող, ծխախոտի մնացորդները մեքենայի պատուհաններից դուրս նետող, ամբողջ քաղաքում, ոչ միայն երկաթուղում հակասանիտարական պայմաններ ստեղծող կամ ապահովող նշված ենթամշակույթներին պատկանող քաղաքացիներին:
Ինչ վերաբերում է ոստիկանության այն հայտարարություններին, թե էմոները վտանգ են ներկայացնում հասարակության համար, դեստրուկտիվ արժեքների կրող են, աղավաղում են մեր մշակույթը, պետք է նրանց դեմ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ապա կարելի կլիներ համաձայնել այն դեպքում, երբ այս հարցերով զբաղվելուց առաջ ոստիկանությունում զբաղվեին նախ ազգն այլասերող, օրինակ ` Ազգային ժողովում քնած չինովնիկների ենթամշակույթի ներկայացուցիչներին (որոնք, ի դեպ, նույնպես կարող են դասվել ենթամշակույթների շարքը, քանի որ ունեն գաղափարախոսություն` ուտել-ուտել մինչև վերջ, ունեն իրենց հատուկ արտաքին` հաստ վիզ, քառակուսի գլուխ` թեթև պարունակությամբ), երբ քայլեր կձեռնարկեն կաշառքի մշակույթի մեջ մասնագիտացած հաստափոր դատախազ-դատավորների ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ (որոնց էլ բնորոշ են մեծ փորը, տանկի տեսքով մեքենան, դեմքի բութ արտահայտությունը, նույն տեսքով ավելորդ քաշից տառապող երեխաներ), երբ կձերբակալվեն բանակում սպանություններ կատարող սպայական կազմի ենթամշակույթի ներկայացուցիչները, երբ կձերբակալվեն իրենց իրավունքները չարաշահող ու պարտականություններից անտեղյակ ոստիկանական ենթամշակույթի ներկայացուցիչները՝ (վերջին երկու ենթամշակույթների ներկայացուցիչների արտաքին բնորոշիչներն են ֆուրաժկան, դուբինկան, համազգեստը), երբ կպայքարեն քաղաքի բարոյական մթնոլորտը իսկապես այլասերող քյարթու ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ:
Էմոների դեմ պայքարը ոստիկանները հիմնավորում են նաև այն հանգամանքով, որ վերջերս աճել է ինքնասպանությունների թիվը, ու այդ հարցում մեղքի բաժին ունեն էմոները, որովհետև նրանք, ընկնելով դեպրեսիաների մեջ, երբեմն կտրում են երակները: Սակայն, ըստ վիճակագրության, էմոների 90%-ն ապրում է Երևան քաղաքում, իսկ ինքնասպանությունների աճ նկատվում է ողջ հանրապետության տարածքում:
Հաջորդ հայեցակետն այն է, որ էմոները քարոզում են ազատ սեռական կյանք: Սակայն սա ոստիկանները դիտարկում են որպես ակնհայտ ապակառուցողական ու հակասոցիալական դրսևորում այն դեպքում, երբ նրանց համար ապակառուցողական չէ ու ավելին` ընդունելի է, օրինակ, նույնասեռականությունը : Նրանք արգելում են էմոներին հավաքվել մանկական երկաթուղում, բաց թույլ են տալիս, որ նույնասեռականները հավաքատեղի դարձնեն քաղաքապետարանին կից այգիները:
Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր ենթամշակույթ կազմված է հիմնական կորիզից, որը կրում է ենթամշակույթի իրական գաղափարախոսությունը, իսկ մեծամասնությունն ուղղակի արտաքնապես է նմանվում այդ ենթամշակույթը կրողներին: Սա հենց Հայաստանի մասին է: Մեր էմոների մեծ մասը էմո է ուղղակի հագուստով և արտաքնապես, բայց ո՛չ ինքնասպանության կգնա, ո՛չ էլ ազատ սեռական կյանքով կապրի:
Հայաստանում կրկին թողած հիմնական խնդիրները, ընկել ենք երկրորդականի ետևից, որը այս դեպքում մեր երեխաներն են:
Անի ԱՍԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
