Կ.Նալչաջյան. «Եհովայի վկաները դեմ են գնում պետության հետ կապված ամեն ինչին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2010 15:38

Եհովայի վկաները դեմ են գնում ամեն ինչին, ինչ կապված է պետության հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, այդ աղանդի հետեւորդներն այն աստիճանի են վերահսկվում ներքին ուժերի կողմից, որ օտարվել են ամեն ինչից` սկսած իրենց մտերիմ մարդկանցից:

«Սրանք խեղված ճակատագրեր են, եւ ինչպես տեսնում ենք, ախտահարում են ողջ հասարակությունը` թիկունքից հարված հասցնելով պետական այնպիսի կարեւոր կառույցների, որոնցից կախված է մեր ամբողջ երկրի պաշտպանությունը»,- շեշտեց Կ. Նալչաջյանը: Անդրադառնալով աղանդների տարածման խնդրին` հոգեբանը նաեւ նկատեց, որ վերջիններս իրենց «շոշափուկներով» հասել են նույնիսկ մինչեւ Արցախի գյուղերը:

Նա դա խիստ մտահոգիչ համարեց, քանի որ Հայաստանի նման փոքր երկրի համար այդ երեւույթը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: «Աղանդավորները փողոցում երբեք միայնակ չեն քարոզում. նրանք միշտ ման են գալիս զույգերով, որովհետեւ իրար վերահսկում են»,- ասաց Կ.Նալչաջյանը` հավելելով, որ աղանդները ձգտում են վերահսկել նույնիսկ մարդու անձնական կյանքի մանրամասները: Կ. Նալչաջյանը նաեւ նշեց, որ Եհովայի վկաները մարդու հոգեբանության վրա ազդեցության շատ նուրբ մեխանիզմներ են օգտագործում, իսկ իրենց կառույցներն ամուր պահելու համար ուսումնասիրում ու օգտագործում են հոգեբանության ժամանակակից բոլոր մեթոդները:

«Եհովայի վկաների կյանքի ոճը, վարքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ մարդը կորցրել է իր «ես»-ն ու գտնվում է ինչ-որ կազմակերպության կամ մարդկանց ազդեցության տակ»,- ընդգծեց հոգեբանը: «Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պարտավոր է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ` ծառայելով զինված ուժերում:

Եվրոպայի խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ընտրության հնարավորություն, պարտադրել է Հայաստանին ընդունել «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենք, իսկ այն ընդունելուց հետո աղանդավորներից միայն մեկն է մեկնել այլընտրանքային ծառայության, այսինքն` ծառայության առանց զենքի:

Մյուս 24-ն անցել են քաղաքացիական ծառայության հիվանդանոցներում` սպասարկման ոլորտում աշխատելու համար»,- նշեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով` Եհովայի վկաներին անգամ նման զիջումն էլ չի բավարարում, եւ նրանք հրաժարվում են նույնիսկ այդ ծառայությունից` պատճառաբանելով, թե վերահսկվում են զինկոմիսարիատների կողմից:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply