Ամանորյա բարեգործական տոնավաճառ` Երեւանի քաղաքապետարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2010 15:27

Երեւանի քաղաքապետարանում այսօր բացվեց «Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների եւ դիվանագետների կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական մեկօրյա տոնավաճառը: Վերջինիս մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված 22 դեսպանատներ, ՄԱԿ-ի գրասենյակը, 33 այլ կազմակերպություններ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանը, բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը կտրամադրվի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին եւ Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին: Տոնավաճառի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր առաքելությունների ներկայացուցիչները, պետական այլ այրեր:

Դեսպանատների տաղավարներում ներկայացված էին ազգային ավանդական կերակրատեսակներ, խմիչքներ եւ այլն: Նշենք, որ «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կողմից նախորդ տարի կազմակերպված տոնավաճառի հասույթը կազմել էր 2 միլիոն դրամ, որը փոխանցվել էր մայրաքաղաքի երեք մանկապարտեզների բարեկարգմանը:

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply