«Ղարաբաղ. մեծ բանավեճ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 14:24

Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Հակամարտության եւ պետականակերտման լոնդոնյան տեղեկատվական ցանցի` «Լինքսի» հետ համատեղ անցկացրեց հատուկ սեմինար-քննարկում, որի ընթացքում գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղին ու խաղաղ գործընթացին առնչվող նոր զեկույցին, ինչպեսեւ վերլուծվեցին ԵԱՀԿ-ի` Աստանայում վերջերս տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները: Միջոցառմանը ներկա շուրջ 50 մասնակիցների թվում էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ից եւ ԵԱՀԿ-ից, Հնդկաստանի ու Լիտվայի դեսպանները, Բրազիլիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանյան առաջատար փորձագետներ, վերլուծաբաններ, ՀՀ նախագահի գրասենյակի, պետական այլ մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ներկա սեմինարը վերջինն է Կենտրոնի ձեռնարկած` ազգային կարեւոր հարցերի շուրջ քննարկումների եւ հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելուն ուղղված բանավեճերի շարքից: Կենտրոնի անունից Կիրակոսյանը ողջունեց նաեւ «Լինքսի» գործադիր տնօրեն Դենիս Սամութին, ով հրապարակեց ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի կուսակցությունների եւ առաջատար քաղաքական գործիչների կարծիքներն ամփոփող այն հարցման արդյունքները, որն այս տարվա հունիսին անց էր կացրել իր ղեկավարած կազմակերպությունը: Ներկաները 93 էջից բաղկացած վերոհիշյալ ուսումնասիրությունից ստացան մեկական օրինակ:

ՌԱՀՀԿ տնօրենի խոսքով` հետաքրքիր այս հետազոտության հրապարակումը զուգադիպել է այն շրջանին, երբ «Լինքսը» մեկնարկում է «Ղարաբաղ. մեծ բանավեճ» խորագրով իր նոր ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպությունը կաջակցի տարածաշրջանում եւ նրանից դուրս արցախյան հարցի ավելի լայն քննարկումների հնարավորությանը: «Շուտով կհրապարակվի նաեւ ուսումնասիրության երկրորդ մասը, որը նույն սկզբունքով արտացոլում է Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների կարծիքները»,- հավելեց Կիրակոսյանը:

Այնուհետեւ հանդես եկավ «Լինքսի» գործադիր տնօրենը: Նրա պարզաբանմամբ` ներկա հետազոտությունն ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարած դիրքորոշումները եւ հետաքրքրվողներին օգնում` հասկանալու ներքին քաղաքական այն համատեքստը, որով անցկացվում են ղարաբաղյան բանակցությունները: «Զեկույցի արդյունքները խնդրի շուրջ արմատացած բազում տեսակետներին զուգահեռ ի հայտ բերեցին հայ քաղաքական էլիտայի տեսլականը հակամարտության թե՛ բնույթի եւ թե՛ հանգուցալուծման առումով»,- ասաց Դենիս Սամութը` նկատելով, որ ամենահետաքրքիրը խաղաղ գործընթացի եւ խնդրի վերջնական կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերի ու կշռի կարեւորումն է հայ քաղաքական գործիչների կողմից:

Ըստ Սամութի` հարցումն ի հայտ բերեց նաեւ առկա «լայն, բայց ոչ միանշանակ աջակցությունը Մինսկի գործընթացին` որպես հակամարտության կարգավորման համար բանակցությունների լավագույն ձեւաչափի» եւ քաղաքական ուժերի գրեթե միահամուռ համոզմունքը, որ Մինսկի գործընթացին չկա այլընտրանք: Զեկույցը վերահաստատեց տիրապետող այն տեսակետը, համաձայն որի` Թուրքիան չի կարող որեւէ դրական դերակատարություն ունենալ, «քանի որ բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին», բայց ՀՀ շատ քաղաքական առաջնորդներ, Սամութի հավաստմամբ, ուզում են հակամարտության կարգավորման գործընթացում տեսնել Եվրամիության ավելի մեծ ներգրավվածությունը: «Կան ե՛ւ ԵԱՀԿ-ի ոչ գործուն ներգրավվածությունից հիասթափվածներ, ե՛ւ այնպիսի կուսակցություններ, որոնք բանակցային գործընթացին Ստեփանակերտի իշխանությունների լիիրավ մասնակցությունը պարտադիր են համարում»,- վերլուծությունը եզրափակեց զեկուցողը:

Զեկույցի ներկայացման ավարտին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանը` գնահատելով ԵԱՀԿ-ի վերջին գագաթաժողովի արդյունքները, ներկայացրեց «Ժառանգության» վերջին օրենսդրական նախաձեռնությունը, որով կոչ է արվում Հայաստանին` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սեմինարում հանդես եկավ եւ ԵԱՀԿ-ի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված խաղաղ գործընթացի ընդհանուր ուղղությունները հանգամանորեն քննության առավ ՌԱՀՀԿ-ի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

Վերջում ծավալված հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության մասնակիցները մի շարք կարեւոր առաջարկություններ ու նաեւ մտահոգություններ հայտնեցին ներկայացված ծրագրի նպատակների շուրջ:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply