Մահացել է երգչուհի Վարդուհի Վարդանյանի ամուսինը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2009 16:06

Արամ Ավոյանի հուղարկավորությունըԱյսօր վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ամուսնու` Արամ Ավոյանի հուղարկավորությունն էր. նա մահացել է ուրբաթ` հուլիսի 24-ին, հիվանդանոցում:

Աբովյան-Սայաթ-նովա փողոցների հատման խաչմերուկում՝ Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքի բակում, մեծ բազմություն էր հավաքված. Իրենց ընկերոջը հրաժեշտ տալու էին եկել Արամի ու Վարդուհու ընկերներն ու բարեկամները:

Արամի ընկերը` Դավիթը

«Շատ ազնիվ ու իր ընտանիքին նվիրված տղա էր»,- ասաց Արամի մոտ ընկեր, Աբովյան 7 հասցեում գտնվող Թատերական սրճարանի տնօրեն Դավիթ Խոջաբեկյանը: Այս սրճարանում նրանք շատ հաճելի ու երկար ժամանակ են անցկացրել:

Արամ Ավոյանի հուղարկավորությունըԱրամը մահացել է լյարդի հիվանդությունից: Նրա առողջությունը Վարդուհու մահից հետո արդեն լավ չէր: «Վարդուհու մահից հետո շատ էր խմում: Շատ նեղված էր ու կոտրվեց,- ասում է Դավիթը,- Համարում էր, որ իր կյանքը կիսով չափ կորցրել է»:

Դավիթն ասում է, որ վերջին անգամ ընկերներով Արամին տարել են հիվանդանոց ու իմացել,  որ ազոտը բարձրացել է ու վատացել:

«Ինքը շատ մեծ սրտի տեր մարդ էր,- ասում է երգիչ Արսեն Գրիգորյանը,-Վարդուհու մահը մենք էլ շատ ծանր տարանք, բայց ինքը մի ուրիշ ձևի տարավ»:

Արամն ու Վարդուհին ունեն մեկ որդի, որն արդեն 11 տարեկան է: Բարեկամներն ասացին, որ նա կատարվածի մասին դեռ ոչինչ չգիտի:

Արամին հուղարկավորեցին Վարդուհու կողքը՝ Թոխմախի գերեզմանատանը:

Վարդուհի Վարդանյանը մահացել էր 2006թ. հոկտեմբերի 15-ին ավտովթարից ՝ Մարտունիից վերադառնալու ճանապարհին, ուր նա գնացել էր համերգային ծրագրով:

Դիտվել է 6993 անգամ:
Print Friendly

Leave a Reply