Տավուշի մարզում կազմակերպվեց Զբաղվածության հինգերորդ ֆորումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 14:04

Դիլիջանում դեկտեմբերի 10-ին անցկացվեց Տավուշի մարզպետարանի եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) կազմակերպած Զբաղվածության հինգերորդ ֆորումը: Ֆորումի կազմակերպմանը աջակցում էր նաեւ Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնը: Մասնակցում էին պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Տավուշի չորս կենտրոնների ղեկավարները:

Միջոցառումը վարում էր ֆորումի փոխնախագահ, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Իջեւանի մարզային կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը: Քննարկվող թեմաներից էին զբաղվածության խնդիրները, մեծահասակների կրթության հարցերը, Նոյեմբերյանում իրականացված տեղական տնտեսական զարգացման PACA ծրագրի արդյունքները: Տավուշում Զբաղվածության 5-րդ ֆորումում ներկայացվեցին նաեւ մարզում քննություն բռնած ծրագրերը, որոնք նպաստել են ձեռներեցության զարգացմանը, աշխատաշուկայում մրցակցության ձեւավորմանն ու աշխատատեղերի ավելացմանը:

Այդ առումով բարձր գնահատականի արժանացավ Հայաստանում Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հիմնադրամի «Գյուղական համայնքների զարգացման ծրագրի» կատարած աշխատանքը: Ֆորումի ընթացքում ձեռք բերվեցին համաձայնություններ` մարզի զբաղվածության խթանման ռազմավարությունների ու առանձին ծրագրերի վերաբերյալ:

Նախաձեռնության նպատակն էր խրախուսել եւ ամրապնդել տեղական դերակատարների շրջանում սեփական իրավիճակի նկատմամբ պատասխանատվությունը եւ հետագա զարգացումներ ապահովելու գործընթացներին տեր կանգնելու զգացողությունը` ֆորումի շրջանակներում կազմակերպվող բանավեճերին ու խորհրդակցություններին ակտիվ մասնակցության միջոցով, ինչպես նաեւ ստեղծել ճկուն եւ դինամիկ գործընկերային հարաբերություններ:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply