Տ. Սարգսյան. «Արցախն ունի ինքնորոշվելու շատ ամուր հիմքեր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 13:54

Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր: Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, եւ մենք բոլորս համոզված ենք, որ հասնելու ենք դրան:

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ եւ հետո» խորագրով համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում ստեղծվել է միջազգայնագետ իրավաբանների այնպիսի սերունդ, որը պետք է իրավական հետազոտության ենթարկի ղարաբաղյան հակամարտության եւ Հայոց ցեղասպանության հարցերը: «Ժամանակակից աշխարհը դժվար է համակերպվում բռնությանը. եկել է ազատության ժամանակը: Մեր ժողովրդի համար ազատությունը սոսկ գոյական չէ. մենք հազարամյակներ շարունակ պայքարել ենք ճնշումների դեմ»,- նշեց կառավարության ղեկավարը`հավելելով, որ հայերս ոչ միայն ականատեսն ենք եղել այն երեւույթին, որ հարյուրամյակներ շարունակ տարբեր կայսրություններ ճնշել ու փորձել են խեղդել ազատությունը, այլեւ զգացել ենք դա մեր մաշկի վրա:

«Մենք հասկացել ենք, որ չենք կարողանա զարգանալ, եթե չլինենք ազատ, եթե չունենանք թե’ ներքին, թե’ արտաքին ազատություն: Անգամ ազատություն` ազատության մասին խորհելու, կամ ընդհանրապես խորհելու համար», -ասաց վարչապետը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը ողջունեց երիտասարդների կողմից նման կենտրոն ստեղծելու գաղափարը եւ նշեց, որ խորհրդային տարիներին միջազգային իրավագիտության մեծ բաց էր նկատվում երկրում. խորհրդային դպորցը երբեք չի եղել միջազգային իրավագիտության առաջատար:

«Այսօր այս կենտրոնի ստեղծումը ցույց է տալիս, որ Հայաստանում արդեն ձեւավորվել է երտասարդ մասնագետների բավականին լայն ցանց, որոնք ավարտել են կամ շարունակում են սովորել միջազգային իրավունքի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում: Իհարկե, սա դեռ ինքնին բավարար չէ: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու` այս ցանցն ընդյալնելուց մինչեւ մեր բուհերում միջազգային իրավունքի ուսուցանումը պատշաճ մակարդակի հասցնելը: Կարեւոր է նաեւ ընտրված թեման:

Մենք շատ հաճախ խոսում ենք ԼՂ հիմնախնդրի քաղաքական, տնտեսական եւ այլ ասպեկտների մասին, բայց իրավական ասպեկտը համեմատաբար քիչ ուսումնասիրված է, չնայած կան բավականին լուրջ ուսումնասիրություններ»,- նշեց Վ. Սարգսյանը: Նրա խոսքով` այս քննարկումը հատկապես կարեւոր է Կոսովոյի հակամարտության վերաբերյալ արդարադատական միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի տեսակետից: «Թեեւ բոլորս միշտ ասում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է, բայց, միաժամանակ, երբ այս գործը հասնում է դատարան, եւ դատարանը կիրառում է իրավունք, այդ իրավունքը դառնում է միասնական:

Դա չի նշանակում է, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն նույն ձեւով. իհարկե, ամեն մեկն ունի իր զարգացումը»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Կենտրոնի տնօրեն Եղիշե Կիրակոսյանի խոսքով` իրենց կենտրոնը ԼՂ հարցում իրավական նոր հիմնավորումներ չի կարող բերել, սակայն պետք է բարձրացնի արդեն առկա հիմնավորումները, որոնց մասին բավարար չափով չի խոսվել: «Պետք է ավելի շատ ֆիքսվել բովանդակային հարցերի վրա, որոնք ընկած են ինքնորոշման հիմքում: Խնդիրները շատ ավելի խորքային են, քան թվում են»,- նշեց նա` հավելելով, որ Արցախի հարցի իրավական կողմը շատ ամուր է:

Ըստ նրա` Արցախի ինքնորոշման հարցը պատմականորեն եւ իրավականորեն շատ ավելի հիմնավոր կարող է լինել, քան Կոսովոյինը, «որովհետեւ Կոսովոյի հաջողությունը շատ դեպքերում պայմանավորված էր քաղաքական հանգամանքներով: «Իրավական տեսակետից մենք խնդիր չունենք, բայց պրոբլեմը մեր դեպքում այսօր միջազգային հանրության պահվածքն է»,- ասաց Ե. Կիրակոսյանը:

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply