ՀԱՊԿ անդամ երկրները կարող են ավելի արդյունավետորեն և օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 22:49
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերվել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակին, ռազմական և ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներում ՀԱՊԿ գործունեության կարգավորմանն առնչվող հարցերի:
Նստաշրջանի ժամանակ մի շարք փաստաթղթերի ընդունմամբ ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորություն կունենան ավելի արդյունավետորեն և օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը: Փոփոխությունները պատրաստվել են ս.թ. հունիսին Ղրղզստանի հայտնի ողբերգական դեպքերից հետո, 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հավաքական անվտանգության խորհրդում ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն, ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեկլարացիա:
ՀԱՊԿ-ում նախագահությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
