Նորաձև վերարկուների վերջին միտումները. ցրտերն առջևում են

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | December 11, 2010 0:16

Թվում էր, թե ձմեռն այդպես էլ չի հաստատվելու: Մինչ վերջին օրերը կարելի էր փողոց դուրս գալ աշնանային թեթև պիջակներով ու բարակ կիսավերարկուներով: Սակայն արդեն մի քանի օր է, ինչ զգացվում է ձմեռվա լիակատար շունչը` չնայած որ ձյան նշույլ անգամ չկա:

Առանց ձյան, թե ձյան հետ` միևնույնն է. ժամանակն է զգեստապահարաններից հանել վերարկուները կամ շտապել խանութներ` նորը գնելու: Ա՛յ, սա, արդեն, հեշտ գործ չէ, հատկապես, եթե չգիտես` ի՞նչ գնես և որտեղից:

Երկրորդ հարցին, ցավոք, պատասխանել չենք կարող, սակայն առաջինի վերաբերյալ կփորձենք որոշ խորհուրդներ տալ:

Հենց սկզբից նշենք, որ այս ձմեռ վերարկուները հատուկ տեղ են գրավում նորաձևության մեջ, իսկ դիզայներների առաջարկն աչքի է ընկնում աներևակայելի կանացիությամբ:

Նորաձև վերարկուներ

Միայն վերարկուն կարող է կնոջը հաղորդել առավելագույն էլեգանտություն, հմայք ու կանացիություն: Հենց այդ հատկանիշներն ընդգծելու վրա են շեշտը դրել համաշխարհային նորաձևության առաջատար դիզայներները:

Երկար, միջին, կարճ վերարկուներ. երեք տարբերակներն էլ այս տարի հավասարապես նորաձև են: Փոխարենը պետք է ուշադրություն դարձնել դետալների վրա:

Հումքը

Շատ նորաձև են բրդյա վերարկուները: Դրա առավելություններից մեկն էլ այն է, որ անգամ բարակ բուրդը շատ տաք է պահում` չծանրանալով մարմնի վրա:

Բացի բրդից, նորաձև են նաև քաշմիրն ու անգորան: Սակայն ցրտից պաշտպանվելու, միաժամանակ նորաձև տեսք ունենալու լավագույն տարբերակը մորթե օձիքով վերարկուներն են:

Գույնը

Նորաձև գույներն են բեժը, շագանակագույնը, մոխրագույնը: Գեղեցիկ են, հատկապես, բաց երանգներով կարճ վերարկուները: Սակայն սևը ևս չի զիջում իր դիրքերը. այն նորաձևության անբաժանելի մասն է: Չնայած նշված չեզոք գույներին` երբեմն-երբեմն նորաձևության ցուցադրությունների ժամանակ հանդես է գալիս նաև զինվորոկան կանաչը, ալ կարմիրը, դեղինը, մանուշակագույնը:

Ոճ

Խիստ արդիական է 40-ականների զուսպ էլեգանտությունը, ինչպես նաև զինվորական վերարկուների որոշ տարրեր` մետաղական, փայլուն երկշերտ կոճակներով, բարձր օձիքով, ուսադիրներով:

Նորաձև են ինչպես կիպ, ուղիղ իջնող, այնպես էլ կոնքերի մոտ լայն ձևվածքով վերարկուները: Նորաձև են նաև կիպ թևերով և վեր ձգվող ուսերով վերարկուները:

Ահա թե ինչ վրա պետք է ուշադրություն դարձնել:

Ձմեռային փքված  բաճկոններ (пухавик)

Այս տարի շատ նորաձև են տաք, փքված բաճկոնները: Սակայն դրանց ձևվածքն այնպիսին է, որ կանացիությունն ամենևին էլ չի նվազում.

Ընդհակառակը, դրանք կարելի է հագնել նույնիսկ կարճ կիսաշրջազգեստների հետ. գոտին ամուր գրկում է իրանը, իսկ ուսերը ձգվում ենբ վեր` հաղորդելով կնոջը կանացիություն և նրբություն` միաժամանակ ապահովելով մարմնի ջերմությունն ու հարմարավետությունը:

Իսկ առավել ցուրտ սեզոնին խորհուրդ է տրվում կրել երկար փքված բաճկոններ, որոնք, սակայն, չեն հասնում մինչև ծնկները:

Մասնագետները վստահեցնում են, որ այս բաճկոններով շատ հարմար կլինի վարել ավտոմեքենա, վազվզել առօրյա գործերի հետևից, անգամ զբաղվել սպորտով` առանց որևէ անհարմարություն զգալու:

Մորթե ժիլետներ

Մորթին շատ նորաձև է դեռևս անցյալ սեզոնից: Դիզայներները լայնորեն կիրառում էին մորթին ոչ միայն` որպես ամբողջական հագուստ, այլ նաև որպես հագուստի և աքսեսուարների մաս:

Հատկապես մորթե ժիլետները  չեն զիջել իրենց դիրքերը նաև այս ձմռանը: Սակայն կա մի նորություն. դրանք կարելի է կրել նաև պիջակի կամ վերարկուի վրայից:

Իսկ եթե ուզում եք լինել նորաձևության գագաթնակետում, ապա պետք է գտնեք լամայի մորթուց ժիլետ:

Դժվար է, ճիշտ է, բայց նորաձևության պահանջն է:

Դիտվել է 4404 անգամ:
Print Friendly

Leave a Reply