ՀՌՌԿ հետազոտության արդյունք. «Հայաստանում կոռուպցիան օրինաչափ երևույթ է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 10, 2010 18:33

Հայաստանի պետական հաստատություններում ամենակոռումպացվածը դատական համակարգն է, որին հաջորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ամենաոչ կոռումպացվածը՝ օմբուդսմենն է:

Կոռուպցիայի միջազգային օրվան հաջորդող օրը՝ դեկտեմբերի 10-ին,  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան մասնաճյուղը  ներկայացրեց տնային տնտեսություններում երեք տարի շարունակ՝ 2008-2010թթ անցկացված հետազոտությունների արդյունքները:

ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի Տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ղեկավար Եվգենյա Պատուրյանն ասաց, որ հարցումների արդյունքում միտում է նկատվում, որ ավելի ու ավելի շատ մարդիկ կոռուպցիան դիտարկում են որպես կենցաղի բաղկացուցիչ մաս, որի դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Ըստ ոլորտների՝ ամենակոռումպացվածը համարվել է առողջապահությունը, որին հաջորդում է ընտրական համակարգը: Կրթությունը երրորդ տեղում է: Դեկտեմբերի 9-ին ներկայացված Թրանսփարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն հկ-ի ներկայացրած հետազոտություններում կրթությունը գրավում էր առաջին հորիզոնականը: Պատուրյանն ասաց, որ այդ հետազոտությունը չի ընդգրկել առողջապահական և ընտրական ոլորտները:

Հարցվածների 80 տոկոսից ավելին համարում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է, սակայն նրանք նաև գտնում են, որ խնդիրը լուծելու տարբերակ չկա:

Հայաստանի քաղաքացիները(80 տոկոս և ավելի) տեղյակ չեն, թե ինչպիսի հակակոռուպցիոն ծրագրեր է իրակացնում կառավարությունը և տեղեկացված չեն, որ այդ դաշտում գործող հկ-ներ կան:

Հարցվածների գերակշիռ մասը համարում է, որ կոռուպցիան բնական և օրինաչափ երևույթ է, որի դեմ պայքարն անօգուտ է:

«Նրանք գիտակցում են, որ խնդիր կա, բայց չեն հավատում, որ դրա դեմ կարելի է պայքարել,- ասաց Պատուրյանը,- բացի այդ կա նաև տարածված կարծիք, որ կաշառքը «հարց» լուծելու ամենակարճ և հեշտ ճանապարհն է: Նրանք մտածում են, որ օրինական ճանապարհով խնդիրը լուծելը շատ բարդությունների հետ է կապված, դրա համար էլ ընտրում են այդ տարբերակը»:

Սպասարկման և ծառայության  ոլորտում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պետավտոտեսչությունը, ցուցակը եզրափակում են  կապն ու կոմունալ ծառայությունները:

Որքան էլ զարմանալի է՝ բանակը համարվում է ոչ այնքան կոռումպացված դաշտ:

«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը վստահում է բանակին»,- ասաց Պատուրյանը:

Այս պատկերը գրեթե նույնն է երեք տարիների համար՝ չնչին տարբերությամբ(1-3 տոկոս):

Ստացված տխուր պատկերը մեկնաբանելով՝ ՀՌԿԿ –Հայաստան  ղեկավար Հեղինե Մանասյանն ասաց, որ կոռուպցիան հաղթահարելը մեկ կամ երեք տարվա գործ չէ:

«Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին և երկու ծրագիր է իրականցնում այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Վրաստանում բոլորովին վերջերս ծայր առած հակակոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ Մանասյանն ասաց, որ Վրաստանում ուղղություն է ընտրվել առաջին հայացքից աչք զարնող ոլորտները, որտեղ կոռուպցիան ակնհայտ երևում էր, օրինակ ճանապարհային ոստիկանությունը:

«Դրանք ոլորտներ են, որին շարքային քաղաքացին հանդիպում է իր ամենօրյա կենցաղում, իսկ իշխանությունների խորքային կառուցվածքում արմատացած կոռուպցիա կա, որը Վրասատանի քաղաքացին չի տեսնում»,- ասաց նա:

Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հանձնարությամբ:

2008թ. հետազոտությունն անցկացվել է 1549, 2009թ՝ 1515 և 2010թ՝ 1528  տասնութ  տարեկանից բարձր չափահասների շրջանում ՝ Հայաստանի տարբեր մարզերում:  Հետազոտությունն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:  Ներկայացված  արդյունքները նախնական են: Այն ամբողջությամբ կհրապարակվի հաջորդ տարի` փետրվարին։

Դիտվել է 4430 անգամ:
Print Friendly

Leave a Reply