Երևանի կրթական հաստատություններում հսկողություն կիրականացվի` դրամահավաքությունը կանխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 17:18
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Քննարկվլ են քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքային խնդիրներ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող հանձնարարականներ: Երևան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններն ու վարչական շրջանները հանձնարարական ստացան հետևողական լինել, որպեսզի մինչև տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Զեկուցվել է, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս:
Նկատի առնելով, որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հանձնարարվել է բարեկարգման համաքաղաքային միջոցառումներն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստությանը, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ և 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում պաշարները համալրել. «Որպեսզի եթե ցանկացած պահի տեղումներ լինեն, պատրաստ լինենք և կարողանանք աշխատանքներն ապահովել»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Ամանորին նախապատրաստվելու վերջին ժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը:
Կրթության վարչության պետին հանձնարարական է տրվել հետևել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաք տեղի չունենա: «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- նշել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է հետևել քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանը. «Յուրաքանչյուր ոլորտի ղեկավար պետք է պատասխանատու լինի քաղաքացուն տրված յուրաքանչյուր պատասխանի բովանդակության համար: Կան դժգոհություններ, որոնք պետք է վերացնենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
