Ըստ քաղաքագետի` ԼՂՀ ճանաչմամբ վերջ կդրվեր Ադրբեջանի ռազմական շանտաժին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 15:45

ԱԺ-ում ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ նախագծի մերժումը  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանն այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած քննարկման ժամանակ որակեց որպես քաղաքական անհեռատեսության, անհանդուրժողականության և քաղաքական կամքի բացակայության դրսևորում:

Թորոսյանի խոսքով` ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը ԱԺ օրակարգում ունենալով հնարավոր էր տարբեր քաղաքական քայլեր ձեռնարկել: «Հայաստանի իշխանությունները նախընտրեցին օրակարգում ունենալ հայ-թուրքական արձանագրությունները, բայց ոչ ԼՂՀ ճանաչման հարցը»,- ասում է Թորոսյանը:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից տվյալ պահին նպատակահարմար չէր, սակայն բոլորովին այլ պատճառներով:  Ըստ փորձագետների Ղարաբաղի ճանաչումը կարող էր դրդել Ադրբեջանին և Իլհամ Ալիևին պատերազմ սկսել:  Մինասյանը, սակայն, նշում է, որ պատերազմ սկսելը կամ չսկսելը ավելի լուրջ դրդապատճառներ ունի, քան Ղարաբաղի ճանաչումը, ինչպես գերտերությունների կարծիքը, միջազգային պայմանավորվածությունները և այլն:  «Այս առումով Ղարաբաղի ճչանաչումը կարող էր բացահայտել, թե որքան սահմանափակ են Ադրբեջանի ռազմական շանտաժները և որոշակի ժամանակով Ադրբեջանին կզրկեր իր այդ զենքից»,- ասում է Մինասյանը` հավելելով, որ ճանաչման դեպքում Ադրբեջանը մեծ հավանականությամբ  պատերազմ չէր սկսի:

Ըստ քաղաքագետի, սակայն, Ղարաբաղի ճանաչման հարցում Հայաստանի իշխանություններն ունեին այլ սահմանափակում. ճանաչումը որոշակի ժամանակով կոչնչացներ ընթացող բանակցային գործընթացը և մեծ գլխացավանք կպատճառեր գերտերություններին ու Մինսկի խմբին:  Մինասյանը նշում է, Հայաստանի իշխանությունները այդ որոշումով կարևորել են գերտերությունների կարծիքը այլ գործոններից:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply