Պարզեցվում է ապրանքների ներկրման գործընթացը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 15:02

ՀՀ կառավարությունը նախատեսում է պարզեցնել ապրանքների ներկրման գործընթացը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, համապատասխան օրենքում կկատարվեն փոփոխություններ, եւ Կառավարությունը կսահամանի միջազգային բարձր վարկանիշ ունեցող հավաստագրող մարմինների ցանկը, որի հաստատվելուց հետո այդ նորմը կդրվի շրջանառության մեջ:

«Այսօր նմանատիպ նորմ գործում է, սակայն փոխադարձ համաձայնագրերի շրջանակներում: Ստացվում է, որ եթե չկան այդ փոխադարձ համաձայնագրերն, ապա նորմը չի գործում: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ համապատասխան օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա»,-ասաց Ա. Ղարիբյանը: Համապատասխան փոփոխությունների արդյունքում, հանրապետությունում կճանաչվեն այն հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրերը, որոնք վերաբերում են ներկրվող մթերքներին, եւ Հայաստանում կրկնակի ստուգումներ չեն իրականացվի:

Ըստ Ա. Ղարիբյանի` գաղտնիք չէ, որ երբեմն հանրապետությունում լաբորատորիաները կարող են այնքան էլ զինված չլինել, որքան այն լաբորատորիան, որը տրամադրել է փորձաքննության արդյունքների վրա հիմնված հավաստագիրը: Ա. Ղարիբյանը նշեց, որ փաստաթղթային ուսումնասիրություն կատարելուց հետո, եթե տեսուչը կկասկածի եւ խնդիր կտեսնի ներմուծվող կենդանական ծագման մթերքի կամ սննդամթերքի հետ կապված, ապա պարտադիր պետք է նմուշառում կատարի: Միայն այդ դեպքում նմուշը կտրվի լաբորատորիային:

Ընդ որում` ցանկացած նմուշառման ժամանակ հստակ պետք է նշվեն այն կասկածները եւ պատճառները, որոնք տեսուչը տեսել է: Դրա հիման վրա կկասեցվի այդ ապրանքների իրացումը, քանի դեռ չի լինի դրանց վերաբերյալ լաբորատորիայի փորձաքննության արդյունքը: «Փոփոխությունների նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ մեր ունեցած բավականին քիչ ռեսուրսները կուղղենք ավելի ռիսկային ապրանքների, սննդամթերքի նկատմամբ հսկողության իրականացմանը»,-ասաց նա:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply