Վ. Մանուկյան. Այն էջը փակվեց, երբ կարող են ֆիզիկական բռնությամբ հարց լուծել, հաջորդը «մեր դեմ խաղ չկա»-ի ոչնչացումը պետք է լինի
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 12:42
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի ղեկավարն արձագանքեր քաղաքական ազդեցիկ գործչի՝ պարկեշտության սահմաններն անցնող արարքին: Հիշեցնենք, որ Բելգլարյանի վարքագիծը երկրի ղեկավարը անհանդուժելի ու անընդունելի էր որակել: Վ. Մանուկյանը ողջունել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պայքարը՝ ֆիզիկական հաշվեհարդարով հարցեր լուծելու երևույթի դեմ:
«Շանթ» հեռուստաընկերության եթերում Վ. Մանուկյանը փաստել է, որ այդ պայքարը Հայաստանում ողջունում են շատ մարդիկ, ինչի վկայությունը բազմաթիվ զանգերն ու այցերն են Հանրային խորհուրդ, որոնց ժամանակ բոլորը գոհունակությամբ են արտահայտվել Հայաստանում բռնությամբ ու զոռբայությամբ հարցեր լուծելու երևույթի դեմ սկսված պայքարին:
«Հիմա քիթ տրորվելու ժամանակն է»,-ասել է Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի ղեկավարն արձագանքեր քաղաքական ազդեցիկ գործչի՝ պարկեշտության սահմաններն անցնող արարքին:
Նման երևույթների դեմ պայքարը, ըստ Վ. Մանուկյանի, Հայաստանում պետք է սկսվեր դեռևս 20 տարի առաջ. «Սա քաղցկեղի պես հիվանդություն էր, բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ է նախագահն սկսելու պայքար՝ դրա դեմ: Այն հարցին, թե ե՞րբ, նախագահը պատասխանեց՝ այսօրվանից: Ազդանշանը, որ տրվեց, սկսվեց քաղաքապետի հրաժարականն ընդունելուց: Իմ փորձից կարող եմ ասել, որ եթե մի երևույթի դեմ խիստ պայքարում ես, մի դեպքով կանխում ես մնացածը: Լավ կլիներ, որ այդ պայքարը Հայաստանում սկսվեր 90-ականներից»:
Տեսակի՞ պայքար էր արդյոք տեղի ունեցածը հարցադրմանը Վ. Մանուկյանը պատասխանել է. «Մոտեցումների, տեսակի ինչ-որ փոփոխություններ իսկապես կատարվում են հիմա Հայաստանում: Աննկատ է շատերի համար, բայց փոփոխություններ կատարվում են: Եվ ես համոզված եմ, որ այն էջը փակվեց, երբ կարող են ֆիզիկական բռնության միջոցով հարցեր լուծել: Չնայած առջևում էլի կարող են այդպիսի բաներ լինել, բայց դրանք պատժվելու են»:
Վ. Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ պայքարի հաջորդ էջը «մեր դեմ խաղ չկա» բանաձևը ոչնչացնելուն պետք է վերաբերվի, իսկ մենք, ըստ Հանրային խորհրդի նախագահի, այդ էջի վրա ենք:






Facebook
Tweet This
Email This Post
