Հայաստանի հանրապետական կուսակցություն. “Բեգլարյանը եղել և մնում է մեր ընկերը”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 12:02

“Բեգլարյանը եղել և մնում է մեր ընկերը և կուսակիցը”: Այս մասին երեկ` դեկտեմբերի 9-ին ասել է լրագրողներին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ մեկնաբանել է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպը:

Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ում Բեգլարյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվել: Այն հարցին, թե  այդ միջադեպն ինչպես կազդի իշխող կուսակցության հեղինակության վրա, հանրապետականը պատասխանել է. “Մենք, բնականաբար, ցավում ենք դրա համար, բայց ինչ էլ որ լինեն հետևանքները, մենք պետություն ենք և պետք է առաջնորդվենք քաղաքակիրթ երկրների կանոններով”:

Ինչպես նշել է Սահակյանը, Բեգլարյանի հրաժարականը չի կարելի համարել “պատիժ”: “Դա քաղաքական որոշում է, Գագիկ Բեգլարյանը գիտակցեց, որ միջադեպի հետևանքով հիմնախնդիրներ կծագեն, և հրաժարական տվեց”: Ընդ որում, խմբակցության ղեկավարը նշել է, որ եթե արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանի փոխարեն լիներ շարքային քաղաքացի, օրինակ` լրագրող, ապա հետևանքներն ավելի լուրջ կլինեին:

Միաժամանակ Սահակյանը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի աշխատանքը, քանի որ այս տարվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաքը էապես բարեփոխվել է:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին: Մինչ այդ նախագահի աշխատակազմից հաստատեցին Երևանի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունը: Մասնավորապես, ինչպես հայտնել է “ԻԱ ՌԵԳՆՈՒՄ Նովոստին”, Բեգլարյանը հերքել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու փաստը:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply