Նախադրյալներ «զարգանալ առանց զիջելու»-ի համար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 9, 2010 21:01

Երևանի քաղաքապետի, արդարադատության նախարարի և Հայաստանի նախագահի անձնակազմի գլխավոր հաշվապահի պաշտոնազրկումները մտածել կու տան, որ Հայաստանի նախագահի մակարդակով ներքին դաշտը կանոնավորելու որոշում առնված է և ձեռնարկված համապատասխան գործողություններու։
Պետական հաստատություններու մեջ կատարված միջադեպերուն իբրև արդյունք պատասխանատուություններու ճշտումի և համապատասխան վերաբերումի առաջին լուրջ նախաքայլերն են, որոնք կ՛երևին այս ձևով Հայաստանի ներքին կյանքին մեջ և իբրև այդպիսին մտածել կու տան բացվող նոր էջի մը, նոր գործելաձևի մը մասին։
Անհրաժեշտությունը չ՛զգացվիր անշուշտ գերխանդավառություն ցույց տալու։ Կանխահաս է հիմնական հաստատումներ ընելը, որ Հայաստանի ներքին դաշտը կարգավորուելու, կոռուպցիան վերացնելու կամ առհասարակ իրավական պետություն հաստատելու ռազմավարություն մշակված է ամենաբարձր մակարդակով։
Անպատժելիությունը, հովանավորչությունը, փտածությունը, հարստապետությունը, ստվերային տնտեսությունը մեր երկրի դատաիրավական համակարգի ամենախոցելի կետերն են, որոնց սրբագրումը մեծ ճիգ, բազում դժվարություններ կպահանջե և կհուշէ, որ Հայաստանի նման երկրի մը մեջ բարեկարգչական որևէ գործընթաց կրնա ղեկավարվիլ միայն նախագահի մակարդակով։
Քայլը, որ առնված է նախագահին կողմե, պատահական չէ անշուշտ։ Հիմնական խնդիրները արդարության և արդարադատության կվերաբերին և հիմնականորեն առնչված են դատաիրավական համակարգի տարբեր ոլորտներուն հետ։ Ժողովրդավարական կարգերու սկզբունքները կնշեն, որ դատաիրավական համակարգը պէտք է անջատ ըլլլա քաղաքական ընդհանուր դրութենեն և իբրև այդպիսին գործելու է անկախ։ Բայց մենք կխոսինք միջավայրի մը մասին, որուն յուրահատկությունները կհամոզեն, որ բարեկարգումը այս բոլորին մեջ կրնա ձեռնարկվիլ միայն քաղաքական կենտրոններե, այն ալ բարձրագույն մակարդակի ներշնչումով։ Արդ, պետք է համաձայնիլ ուրեմն, որ քաղաքական միջամտություններով միայն կարելիէ պատրաստել դատաիրավական համակարգի անկախացումը։ Օրենքի գերադասումը կրնա  ապահովվիլ քաղաքական գերադաս մարմիններու կողմե։
Օրենքին առջև բոլորին հավասարեցումը, իրավական պետության ձևավորման և կայացման կարևոր հիմնաքայլ է, առանց որուն պարագայական և պատահական բնույթ կստանան նման  գործողություններ։ Ինքնանպատակայնությունը և պարզապես տպավորություն ձգելու քայլերը շուտով կչէզոքացվին և կ՛իմաստազրկեն առնված նախաձեռնությունները։
Միաժամանակ հասկանալի է անշուշտ, որ միանգամայն, կտրուկ ձևով, լայնածավալ և համատարած գործողություններ սանձազերծելը ևս կրնայ վտանգել ներքին դաշտը մաքրազտելու խիստ անհրաժեշտ քաղաքականության իրականացումը։ Նման պաշտոնազրկումներ և պատիժներ կրնան ցնցել յուրաքանչյուր ոլորտի համակարգը. ի վերջո յուրաքանչյուր պաշտոնյայի անձին կապված են մարդիկ, պաշտոնատարներ և բրգաձև կառույցներ։
Օրենքի գերակայության հաստատումը դժվարին ճանապարհ կ՛ենթադրե։ Նախադրյալները ցույց կու տան, որ այդ ուղղությամբ լրջագոյն քայլեր առնվելու ուղղվածությունը ինքզինք կդրսևորե։ Տարատեսակ  մտածողություն չկա այն իրականության նկատմամբ, որ ներքին իրավիճակն ու արտաքին քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են։ Ներքին դաշտի մաքրագործումը ամուր հենարանի կվերածուի արտաքին քաղաքականության համար։
Իրավական պետությունը կհարթէ ներդրումային դաշտը, ապահովելով ներդրողներու օրենքով պաշտպանվածությունը կքաջալերե տնտեսության զարգացումը և որոշակիորեն կկանխարգե արտաքին միջամտություններն ու պատվերներու տարողությունը։
Երևան-Անկարա հարաբերություններուն թե արցախյան բանակցություններուն մեջ հայրենի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանին ինքզինք կդրսևորե ամբողջականորեն։ Ուիլսոնյան իրավարար  վճիռի 90-ամյակի թե Աստանայի վեհաժողովին առիթով Հայաստանի Հանրապետության նախագահին արտասանած խոսքերը որևէ հավելյալ մեկնաբանության չեն կարոտիր և կ՛ընդգծեն համայն հայության պահանջներուն պետականացումը։ Սևրյան Հայաստանի իրավական և այժմեական նշանակութենեն մինչև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նախապատրաստության հայտարարությունը։
Արտաքին քաղաքականության այս կարևոր հիմնադրույթներուն նկատմամբ նախագահի բանաձևած ամրագրումները հավելյալ ուժ կստանան, երբ կարգավորվի նաև ներքին դաշտը։ Սկսյալ արդարադատութենեն անցնելով կրթական, ընտրական, ընկերային- տնտեսական ոլորտներ  հանգելու համար կայուն, առողջ հասարակարգի ձևավորում և կայացում։
Ներքին հարթության վրայ նախագահի առած քայլերը այս ուղղությամբ հուսադրիչ դառնալու նախադրյալները կպարփակեն։ Անոնց կայացումը և իրավական պետության սահմաններու մեջ ժողովրդավար կարգերու կատարելագործումը կնպաստե զարգանալ առանց զիջելու սկզբունքի իրականացման։

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply