Մրցակցություն` արտասովոր պայմաններում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 11, 2010 8:00

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն աննախադեպ արդյունքի հասան: Նրանք նվաճեցին 24 մեդալ` 9 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե: Երկամարտում մերոնք ունեն 8 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե: Վերադարձից հետո խնդրեցինք տպավորությունները պատմել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանին:

– Այդպիսի արդյունքի հասնելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ մինչև 20 և  23 տարեկանների առաջնություններն արտասովոր պայմաններում` միասին էին անցկացվում: Փաստորեն, մարզիկների մոտեցումների միջև 20-25 րոպե ընդմիջում էր լինում, որը չէր կարող չազդել ծանրորդների ելույթների վրա: Թերևս այդ է պատճառը, որ շուրջ 4 տասնյակ երկրների, այդ թվում նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը, որպեսզի այսուհետ հին աշխարհամասի մինչև  20 և 23 տարեկանների առաջնություններն առանձին անցկացվեն: Տարին ռեկորդային էր մեր ծանրորդների համար: Նրանք ընդհանուր հաշվով 78 մեդալ են նվաճել: Ուրախացնում է նաև այն, որ չեմպիոններ ունենք տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում:

Հատկապես ո՞ր հաջողություններն են կարևոր:

– Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում Տիգրան Մարտիրոսյանի`  երկամարտում, պոկում և հրում վարժություններում չեմպիոն դառնալը պատմական իրադարձություն է հայկական սպորտի տարեգրությունում: Պակաս կարևոր չէ նաև Արա Խաչատրյանի պոկում վարժության աշխարհի չեմպիոնի ոսկե պարգևին տիրանալը: Մյուս մեդալները  նույնպես քրտինքով են նվաճվել, տարիների ընթացքում կանոնավոր պարապմունքների արդյունք են: Եվ այն մարզիկները, ովքեր պատվո պատվանդան են բարձրացել, լինի Եվրոպայի, աշխարհի առաջնություն, թե ներկայացուցչական մեկ այլ ստուգատես, ամենայն գովեստի են արժանի, որ կամք են դրսևորել իրենց կարողությունները ցույց տալու համար, շրջանցել են մի շարք երկրների ուժեղ մրցակիցների:

Այնուամենայիվ, Լիմասոլում հաջողության հասած մեր մարզիկներից ո՞ւմ կառանձնացնեք:

– Արայիկ Միրզոյանին (77 կգ), որ անգամ ուսումնամարզական հավաքների ժամանակ  չէր բարձրացրել այն կիլոգրամները, որոնք նրան հաղթանակ բերեցին մինչև 23 տարեկանների պայքարում`  341 (155+186) կգ: Հռիփսիմե Խուրշուդյանի (+75 կգ) առջև խնդիր էր դրված հաղթել, հաստատել, որ  բարձր կարգ ունի: 15 մարզուհի էր հայտավորված այդ քաշային կարգում: Նրանցից 6-ը հանդես եկան մինչև 23 և 9-ը` մինչև 20 տարեկանների առաջնությունում: Եվ ավագ տարիքի մարզուհիների մրցավեճում Խուրշուդյանը, վաստահորեն  հաղթելով, կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Իսկ ահա մինչև 20 տարեկանների առաջնության մասնակից, ծանրքաշային Հայկ Հակոբյանն իր համար նոր արդյունքով ուժեղագույն ճանաչվեց` 390 (190+210) կգ: Այս առումով առանձնացավ նաև  94 կգ քաշային Աղվան Մելիքյանը, և նա էլ ամենայն գովեստի է արժանի`  376 (171+205) կգ: Ընդ որում, այս մարզիկը երկամարտում բրոնզե պարգևի տիրացավ, իսկ մյուս երկու վարժություններում` արծաթե: Նա  ներդրեց այն, ինչին ունակ է, կռիվ տվեց ծանրաձողի հետ և, ի վերջո, հասավ նպատակին: Մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը,  առաջ թողնելով Ռուսաստանի ընտրանուն, մեդալների ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց  երկրորդ տեղը: Դա փայլուն արդյունք է:

Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականի կազմում եղան պատվիրած կիլոգրամները չբարձրացնողներ, ինչպես ասում են` զրոներ ստացողներ:

– Սմբատ Մարգարյանն (56 կգ) ուսումնամարզական հավաքների ժամանակ 105 կգ ծանրությունը հեշտորեն է պոկում, իսկ հրում վարժությունը կատարելիս բարձրացնում է 150 կգ: Բայց այս անգամ 23 տարեկանների առաջնության մասնակից մարզիկը չկարողացավ հաղթահարել139 կգ-ը: Նա մրցումներից առաջ ազատվում է ավելորդ կիլոգրամներից:  Գուցե դա էլ խանգարեց Մարգարյանին: Սմբատը պետք է փոխի իր քաշային կարգը և հանդես գա մինչև 62 կգ քաշայինների պայքարում: 85 կգ քաշային Արամ Անդրիկյանն էլ  ուսումնամարզական հավաքների ժամանակ պոկում և հրում վարժություններում  քանիցս հաղթահարել էր 160 կգ և 205 կգ, բայց ահա հրում վարժության ժամանակ 192 կգ-ոց ծանրածողը նրան չենթարկվեց: Կատարվածը պատահականությանը չի կարելի վերագրել, քանի որ այս մարզիկն արդեն երրորդ անգամ է, որ իր կարողություները չի դրսևորում պատասխանատու մեկնարկներում: Նրա հետ նախկինում հոգեբան է աշխատել, և այդ ուղղությամբ անելիքներ կան: Պարզապես ծանրորդը պետք է վաստահություն ունենա իր ուժերի նկատմամբ:

Կարծում եք, որ ձախողումը սովորական բան պետք է համարե՞լ:

– Ամենևին, այդպիսի կարծիք չունեմ: Իսկ լուրջ վերլուծություններն անհրաժեշտ են, որպեսզի հետևություններ կատարվեն: Հաճախ է պատահում, որ հաջողության հասնող մարզիկները սկսում են տառապել աստեղային հիվանդությամբ: Մեծ պարգևավճարներ ստանալով` մարզիկները միայն այն մասին են մտածում, թե ինչ նոր եկամուտներ կարող են ունենալ, և  հաճախ դա կործանարար է լինում: Հայաստանում ամեն նվաճված մեդալը, այդ առումով, իր արժեքն ունի, մարզիկները պարգևատրվում են: Արդյունք ցույց տված ծանրորդը հասանելիքը ստանում է իր արածի համար: Հավաքականի անդամ  մարզիկը ստանում է պետականորեն իրեն հասանելիք թոշակը, դրան ավելանում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից տրամադրված խրախուսական գումարը: Այս ամենն արվում է մի բանի համար, որ  մարզիկը շահագրգռված լինի` մարզվելու և  շարունակելու հաջողությունները: Նյութականը շատ կարևոր է, բայց մարզիկը պարգևատրման արարողությունից հետո պետք է մոռանա իր արածի մասին և մտածի, թե ինչպես է իրեն դրսևորելու հաջորդ մրցելույթի ժամանակ: Դա է, որ ոմանք երբեմն մոռանում են և ձախողվելով՝ խստագույնս պատժվում:

Ինչքանո՞վ են իրատեսական այն խոսակցությունները, թե Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն դարձած 105 կգ քաշային Դավիթ Բեջանյանը կարող է համալրել մեր երկրի հավաքականը:

– Այդ 22-ամա ծանրորդը մեծ ներուժ ունի, ֆիզիկական հիանալի տվյալներ և հիացնում է իր մրցելույթներով: Ի դեպ, Վլադիվոստոկում բնակվող մեր հայրենակիցը հրում վարժությունում աշխարհի մեծահասակների ռեկորդ պատվիրեց` 239 կգ: Նա ծանրաձողը կրծքին բարձրացրեց, սակայն տեխնիկական մի փոքր անճշտության պատճառով  վարժությունը չկարողացավ լիարժեք ավարտել և բարձրացնել ծանրաձողը: Իրականությունն այն է, որ  վերջին տարիների միջազգային ստուգատեսների ժամանակ այդ ծանրորդը մեր պատվիրակությունից անբաժան է: Նա ինձ խնդրել է, որ տեղափոխվի Հայաստանի հավաքական: Սակայն Ռուսաստանի ներկայացուցիչները հեշտորեն չեն զիջի այդ մարզիկին: Հարցի լուծման  տարբերակ կա,  բայց այդ մասին առայժմ չեմ ցանականում բարձրաձայնել:

Այսինքն` հնարավոր է, որ Բեջանյանն օլիմպիական խաղերում հանդես գա Հայաստանի դրոշի ներքո՞:

– Այո, բայց դրա համար նախ պետք է համաձայնություն տա Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը:

Այժմ ի՞նչ են անում Հայաստանի հավաքական թիմերի ծանրորդները, վնասվածքներ ունցող մեր առաջատարներն ի՞նչ խնդիրներ ունեն:

– Դեկտեմբերի 6-ից Ծաղկաձորում, Աբովյանում, Գյումրիում ուսումնամարզական հավաքներ են սկսվել, որոնց մասնակցում են շուրջ վեց տասնյակ մարզիկ-մարզուհիներ: Հաջորդ տարվա մրցաշրջանը հագեցված է լինելու, այնպես որ պետք է ի մի բերենք, թե որ մարզիկները միջազգային որ փորձություններին կարող են մասնակցել: Իսկ ամենակարևորը նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է 2012-ի օլիմպիական խաղերի համար: Առաջնահերթ նպատակն է՝ այնպես անել, որ օլիմպիական խաղերում ունենանք առնվազն 8 մասնակից: Դա դժվար, սակայն իրագործելի խնդիր է: Այժմ բժիշկների օգնությամբ ուժերը վերականգնում են` Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը, Նազիկ Ավդալյանը, Մելինե Դալուզյանը: Մոսկվայի վնասվածքաբանական հիվանդանոցի ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի մասնագետների հսկողությամբ ապաքինվում են  Մարտիրոսյանը, Խաչատրյանը, Ալեքսանյանը: Առանձին բարդություններ չկան: Աշխատանքը կարևոր է այն առումով, որ մարզիկների առողջության հարցերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի անցանկալի միջադեպեր չլինեն: Այդպիսի պրոֆիլակտիկ բուժման կուրսեր  մարզիկները կանցնեն նաև եկող տարի:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply