Լիոնի հայկական համայնքը. հայրենի շունչ Ֆրանսիայի սրտում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 14, 2010 9:00

Սուրբ Հակոբ եկեղեցին Լիոնի կենտրոնում գտնվող Հայաստանի փողոցում

1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և նավերով Ֆրանսիա հասած հայերի մի ստվար հատված հաստատվեց Ռոն-Ալպ տարածաշրջանում, որի երեք խոշոր քաղաքները` Լիոնը, Գրենոբլն ու Սենտ-Էտիենն են: Սակայն նրանք առաջին հայերը չէին, ովքեր բնակություն հաստատեցին այդ տարածաշրջանում: Այստեղ դրանից էլ շատ առաջ բնակվող հայերի մասին բազմաթիվ հիշատակություններ կան:

Ռոն-Ալպի ամենամեծ հայկական համայնքներից մեկն էլ Լիոնի համայնքն է: Այստեղ ներկայումս, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 30000 – 40000 հայ, այն դեպքում, երբ ամբողջ Ռոն-Ալպ տարածաշրջանում հայերի թիվը մոտ 80000-100000 է: Այս թվերը, սակայն, խիստ տատանվում են, քանի որ, որպես այդպիսին, տարածաշրջանում ապրող հայերի մարդահամար չի անցկացվել, բացի այդ, այս հաշվարկի մեջ են մտնում նաև այն անձինք, ովքեր ունեն հայկական ազգանուն, սակայն ծնվելով և մեծանալով այստեղ` գրեթե չեն խոսում հայերեն և չնչին տեղեկություններ ունեն Հայաստանի մասին:

Մեծությամբ Փարիզից հետո Ֆրանսիայի երկրորդ քաղաքը հանդիսացող Լիոնն այսօր ունի շուրջ 2 մլն բնակչություն, որը խիստ բազմազգ է: Այստեղ ապրում են տաքարյուն իտալացիներ և ժպտերես չինացիներ, աֆրիկյան ամենատարբեր ազգություններ և սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ:

Լիոնի հենց կենտրոնում գտնվող Հայաստանի փողոցում է գտնվում Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, որտեղ պարբերաբար և հատկապես ազգային տոների օրերին մեծ միջոցառումներ են կազմակերպվում հայկական համայնքի մասնակցությամբ: Այս տարվա մայիսին Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականաց դասի տարեկան համագումարը:

Լիոնի մյուս կենտրոնական հատվածում` Բելքուղի հրապարակում, կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողը, որի բացումը տեղի է ունեցել 2006 թ.` Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ: Այդպիսով Լիոնը դարձավ Հայաստանից դուրս գտնվող առաջին քաղաքը, որտեղ  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցվեց հենց կենտրոնական հրապարակում: Մինչ այդ  Լիոնում էին տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական ցույցերը, որոնց ի պատասխան` ցույցի էին դուրս եկել նաև հայերն ու ֆրանսիացիները` մեծ վնաս հասցնելով թուրքի կերպարին մի երկրի հասարակության աչքերում, որը Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտում է օրենքով:

2008 թ., երբ Ֆրանսիայում նշվում էր Հայաստանի տարին, այդ շրջանակներում մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում, այնպես էլ Լիոնում:

Լինելով  առհասարակ ամբողջ Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից մեկը` Լիոնը շրջապատված է կարծես արբանյակի դեր կատարող փոքր քաղաքներով` Վիլլողբան, Դեսին, Բրոմ և այլն:

Այս արվարձանային քաղաքներում նույնպես մեծ թվով հայեր են բնակվում: Պատահական չէ, որ այս քաղաքներից Դեսինը և ՀՀ Ստեփանավան քաղաքը 1992 թ. ստորագրված համաձայնագրով համարվում են քույր քաղաքներ: Սրա պատվին Դեսինում Ստեփանավանի հրապարակ կա, որտեղ հուշաքար է կանգնեցված: Ստեփանավան քաղաքում էլ «Դեսին» անունը կրող փողոց ու պուրակ կան: Ի դեպ, Դեսինում գործում է նաև հայկական ծերանոց: Բացի այդ, այստեղ է գտնվում հայազգի համաշխարհային ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հայրական տունը, որին կից  նրա միջոցներով կառուցվել է Ջորկաեֆի հոր` Ժան Ջորկաեֆի անունը կրող ֆուտբոլի մարզադաշտ, որտեղ, ի թիվս այլ ազգերի ներկայացուցիչների, մարզվում են նաև բազմաթիվ հայազգի պատանիներ:

Լիոնի մյուս արվարձանային քաղաքում` Վիլլողբանում էլ  աշխույժ գործում է Հայկական մշակույթի տունը: Այստեղ ամեն շաբաթ անց են կացվում հայկական ֆիլմերի դիտումներ, հաճախակի կազմակերպվում են Հայաստանի ճարտարապետությունը ներկայացնող ցուցահանդեսներ:

Ստեփանավանի հրապարակը Լիոնի արվարձանային Դեսին քաղաքում

Ընդհանուր առմամբ, Լիոնում կա հայերի երկու խումբ` նրանք, ովքեր վաղուց են այստեղ բնակվում կամ նույնիսկ հենց այստեղ էլ ծնվել են, և վերջին տասը տարիների ընթացքում այստեղ տեղափոխված հայեր: Հատկապես երկրորդ խմբին պատկանող հայերը բավական դժվարություններ ունեն: Մեծ թիվ են կազմում փախստականի կարգավիճակ ունեցող հայերը, որոնց մեծ մասն անգամ մի քանի տարի ապրելով այստեղ` դեռ չի կարողացել իր համար քիչ թե շատ տանելի սոցիալական վիճակ ստեղծել, քանի որ կեցության համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի բացակայությունը նրանց աշխատելու իրավունք չի տալիս:

Համեմատաբար շատ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում վաղուց Լիոնում բնակություն հաստատած հայերը: Նրանք իրենց  գործուն մասնակցությունն ունեն հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:

Մեկ այլ խնդիր էլ այն է, որ լիոնահայության մեջ հոգևոր առումով միասնականություն չի նկատվում. մի մասը առաքելական եկեղեցի է հաճախում, իսկ մյուս մասը` ավետարանական, որը գործում է Լիոնում 1923-ից.:

Ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ Լիոնում գործում են բազմաթիվ հայկական ԶԼՄ-ներ: Մասնավորապես, Փարիզում ֆրանսերենով տպագրվում է «Նուվել դ’Աղմենի» (“Nouvelles d’Armռnie”) հայկական պարբերականը, իսկ արևմտահայերենով տպագրվում է «Նոր Յառաջ» թերթը: Լիոնում ֆրանսերենով տպագրվում է «Ֆղանս Աղմենի» (“France Armռnie”) պարբերականը, որը հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքի ամենամսյա հետաքրքիր մի քրոնիկոն է: Լիոնում գործում է նաև հայկական ռադիոն, որն իր ակտիվ գործունեության շնորհիվ հասցրել է դառնալ նաև շատ ֆրանսիացիների սիրելի ռադիոկայաններից մեկը:

Ինչպես արդեն նշվեց, լիոնահայերը Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպում հատկապես ազգային տոների առթիվ: Այդպիսի մի գեղեցիկ միջոցառում էլ տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 21-ին` նվիրված ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին  թե՛ Լիոնում և ամբողջ Ռոն-Ալպում հայտնի ու ազդեցիկ հայ գործիչներ,  թե՛ ֆրանսիացի հասարակական ու քաղաքական գործիչներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լիոնի փոխքաղաքապետը, որ ևս մեկ անգամ նշեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամական հարաբերությունների մասին և ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորեց լիոնահայությանը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ու աշխարհասփյուռ հայերին:

Ասում են` Լիոնում սիրո մեծ պատմություն է հյուսվում. Ռոն և Սոն գետերը հոսում են երկրի տարածքով, և Լիոնում Ռոն տղան և Սոն աղջիկը միախառնվում, միանում են իրար: Ամեն դեպքում, անկախ լիոնաբնակ հայերի ունեցած խնդիրներից, անկախ նրանց սոցիալական և այլ պայմաններից` այստեղ միշտ սեր ու ջերմություն կա, հայոց ջերմություն և հայկական կարոտալի շունչ:

Սասուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է 4242 անգամ:
Print Friendly

Leave a Reply