Հայ-վրացական պատերազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 13, 2010 2:27

Այս օրերին լրանում է 1918 թվականի հայ-վրացական պատերազմի 92-րդ տարեդարձը: Այն Հայաստանի առաջին Հանրապետության պատմության կարևորագույն դրվագներից է, որ, սակայն, քիչ է լուսաբանված:

Փաստ է, եթե չլիներ Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանի հերոսամարտը, այսօր ՀՀ կազմում չէինք ունենա Սյունիքը: Նույնը կարող ենք ասել նաև Լոռվա պարագայում. եթե չլիներ հայ- վրացական հաղթական պատերազմը, Լոռին կունենար Ջավախքի ճակատագիրը:

Դեռևս 1918 թ. ամռանը հայկական և վրացական կառավարությունների միջև բանակցություններ էին ընթանում Բորչալու գավառի (Լոռու դաշտ` Հյուսիսային Լոռի` հայ, վրաց և ադրբեջանցի խառը բնակչությամբ) բաժանման վերաբերյալ: Վրացական կողմը հավակնություններ ուներ Ախալքալաքի, Ղազախի (Նոյեմբերյանի տարածաշրջան), Բորչալուի (Հս. Լոռի) և Ալեքսանդրապոլի գավառի Փամբակի շրջանի նկատմամբ:

Վրաց կողմը դա հիմնավորում էր տնտեսական, ռազմաքաղաքական և «պատմական» փաստարկներով: Փաստորեն, վրացական կառավարությունն առաջարկում էր օրենքի ուժով ամրագրել թուրքերի նահանջից հետո  հայ-վրացական զորքերի առկա սահմանագիծը, քանզի գերմանա-վրացական զորքերը զբաղեցրել էին տվյալ շրջանները: Դրա հետ, ինչ խոսք, չէր կարող համակերպվել ՀՀ կառավարությունը:

Վրացական կողմը, բանակցություններին զուգահեռ, ուժեղացնում էր ճնշումները հայկական շրջաններում: Ծանր տուրքեր էին դրվում հայերի վրա, հեռացնում և մեկուսացնում էին հայ պաշտոնյաներին, վրաց զորքը կեղեքում էր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայ գյուղացուն:

Դրությունն ավելի շիկացավ, երբ վրաց կառավարությունը որոշեց զինակոչ անցկացնել նշված շրջաններում: Եվ երբ հոկտեմբեր ամսին հայկական զորքերը` Դրոյի գլխավորությամբ, ազատագրեցին Լոռի-Փամբակը, պարզ էր` պատերազմն անխուսափելի է:

Հոկտեմբերի 20-ին Սանահինի կայարանում կայանած վրացական զրահագնացքի պետ Գոգուաձեն նոտա հղեց հայկական կողմին` պահանջելով  դատարկել Փամբակի շրջանը` Շահալի կայարանը ներառյալ: Գործին փորձեց միջամտել նաև Գերմանիայի զինվորական ներկայացուցիչ ֆոն Բերեսը` վրացիներին անմիջական աջակցություն ցուցաբերելու սպառնալիքով:

Պատերազմը Հայաստանի համար ոչ միայն պարտադրված էր, այլև` անցանկալի: Որևէ աջակցությունից զուրկ, փախստականներով լի, հաղորդակցական ուղիներ չունեցող և թշնամական երկրներով շրջապատված, համաճարակների ու սովի ճիրաններում հայտնված երկիրը պիտի պատերազմեր Գերմանիայի աջակցությունը վայելող Վրաստանի դեմ:

Բայց վրացական բանակի վիճակն էլ նախանձելի չէր. նրան թիկունքից հարվածում էր հայ աշխարհազորը: Աշխարհազորի ելույթները ճնշելու համար հոկտեմբերի 23-ին զորավար Գոգուաձեի զրահագնացքը գնդակոծեց Շնողը: Երեք օր անց ռմբակոծման ենթարկվեց Այրումը:

Վրացիներն ավելի ուժեղացրին ճնշումները հայկական գյուղերում: Վրաց զինվորներն ապրում էին հայերի տներում, ուտելիքն առանց վճարելու վերցնում էին հայերից,  խուզարկությունների պատրվակով թալանում էին գյուղերը, բռնաբարում կանանց ու աղջիկներին, ամեն տեսակ խառնակություններ անում, բռնագրավում ամեն ինչ: Մի խոսքով, ենիչերիական կարգեր էին հաստատվել Լոռիում:

Այս պայմաններում ապստամբեց նաև Օձունը: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 8-ը ուժեղ բախումներ տեղի ունեցան Օձունի շրջանում՝ տեղի բնակչության և վրացական բանակի ստորաբաժանումների միջև: Այստեղ հայ աշխարհազորայիններին հաջողվում է հզոր հակահարված տալ թշնամուն, նույնիսկ` Ալավերդի-Սանահին հատվածում քանդել երկաթգիծը:

Ամբողջ երկու օր վրացիները թնդանոթային կրակի տակ առան Օձունը: Կողոպտվեցին ու ավերվեցին Աղեգի, Ամոջ, Աքորի գյուղերը:

Ի վերջո, դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հանձնարարեց Դիլիջան-Լոռի զորախմբի պետ Դրաստամատ Կանայանին՝ մաքրել Լոռին վրացիներից:

Դրոյի տրամադրության տակ կար 28 վաշտ, 26 գնդացիր, 7 լեռնային հրանոթ, 400 ձիավոր ու հայկական աշխարհազորը: Վրացիները շրջանում կենտրոնացրել էին 8000 զինվոր:

Հարձակման առաջին իսկ օրը հայկական ուժերն ազատագրեցին Վորոնցովկան և Պրիվոլնոյեն: Ապա գնդապետ Նեստերովսկու զորամասն ազատագրեց Սանահինի կայարանը` մեծ ռազմավարով: Միաժամանակ Այրումի կայարանի մոտ աշխարհազորը քանդեց երկաթգիծը և վրացիներին կտրեց թիկունքից, փակեց նրանց նահանջի ճանապարհը:

Ողջ ճակատով հայկական ուժերը հարձակման անցան:

Գնդապետ Թարվերդյանը գիշերային հարձակումով ջարդեց թշնամու խմբաքանակը Հաղպատի ու Ախթալայի միջև: Միաժամանակ ռոտմիստր Փիրումյանի հարյուրյակը ազատագրեց Լալվար սարը, աքցանի մեջ առավ Ալավերդին: Մյուս կողմից ազատագրվեց Միխայլովկան:

Դեկտեմբերի 15-ին հայկական ուժերն ազատագրեցին Ալավերդին ու հարձակման անցան Այրում-Սադախլո և Բոլնիս-Եկատերինֆելդ ուղղություններով: Նույն օրը վրացիներից դատարկվեց Այրումը:

Դեկտեմբերի 17-ին վրաց բանակը համալրում ստացավ թիկունքից: Սակայն նույն օրը հայկական ուժերը խիզախ հարձակումով ջարդեցին վրացական 5-րդ և 6-րդ գնդերը: Հայկական ուժերն ազատագրեցին աքցանի մեջ առած Ախթալան և ձեռք բերեցին հարուստ ռազմավար: Վրացիներն Ախթալա կայարանում թողին 60 դիակ: Դեկտեմբերի 18-ին ազատագրվեց Բոլնիս-Խաչենը, թշնամին քաշվեց դեպի Արախլու գյուղը:

Վրացական ուժերը կենտրոնացան Սադախլոյի շրջանում: Վրաստանում մեծ զորահավաք հայտարարվեց: Հայկական ճակատ ուղարկվեց Ժողովրդական գվարդիան: Սադախլո եկավ Վրաստանի զինվորական նախարարը` 1000 զինվորներով: Նույն ժամանակահատվածում հայկական բանակը համալրում չստացավ: Սովը, ցուրտը, ռազմամթերքի պակասը նեղում էին զինվորներին: Բայց տեղի բնակչությունն ու աշխարհազորն ամեն կերպ աջակցում էին բանակին:

Դեկտեմբերի 19-ին հայկական ուժերը անակնկալ հարձակումով ազատագրեցին Սադախլոն: Հաջորդ օրը Կուռո Թարխանյանի հարյուրյակն ազատագրեց Շուլավերը: Ուժեղ կռիվներ ծավալվեցին Արախլուի համար: Կռիվներն արյունահեղ էին նաև Դաղեթ-Խաչեն և Սարաչլու գյուղերի ճակատում, որտեղ վերջնականապես ջախջախվեց զորավար Ցուլուկիձեի զորամասը:

Ամրանալով ազատագրված տարածքներում և շրջապատման մեջ առնելով թշնամու մեծ զորաբանակ, հայկական ուժերը վարում են դիրքային կռիվներ` սպասելով համալրման՝ Թիֆլիսին հարվածելու համար:

Դեկտեմբերի 28-ին վրացիները հարձակում սկսեցին բոլոր ուղղություններով: Նրանց աջակցում էր Բորչալուի թուրք խուժանը: Սակայն հայկական ուժերի հակահարվածը վրացիներին մղեց ելման դիրքեր:

Դեկտեմբերի 31-ին դաշնակից պետությունների միջամտությամբ կնքվեց զինադադար: Հայ-վրացական պատերազմն ավարտվեց:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2825 անգամ:
Print Friendly

Leave a Reply