Ի՞նչ է վարձակալության պայմանագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 12, 2010 10:00

Վարձակալության պայմանագիրը դասվում է այն պայմանագրերի շարքը, որոնք լայն շրջանառություն ունեն: Դրա առանձնակի կարևորությունը, թերևս, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները օգտվում են այդ պայմանագրից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, բնակելի կամ ոչ բնակելի տարածք, շարժական կամ անշարժ գույք ժամանակավոր ձեռք բերելու նպատակով:

Վարձակալության պայմանագիրը գործարք է, որը հնարավորություն է տալիս ընդլայնելու գույքի տնտեսական օգտագործման հնարավորությունները: Դրանով սեփականատերը գույքը տալիս է օգտագործման այլ անձի` չօտարելով այն, սակայն այդպիսի փոխանցումից եկամուտ է ստանում: Իր հերթին գույքն օգտագործողը շահույթ է ստանում ուրիշի գույքը շահագործելու շնորհիվ:

Դրա հետ կապված վարձակալական հարաբերությունների ձևերը բավական բազմազան են: Դրանց  շարքն են դասվում վարձույթը, տրանսպորտային միջոցների վարձակալությունը, շենքերի և շինությունների վարձակալությունը, ֆինանսական վարձակալությունը (լիզինգ): Պայմանագրի նշված ձևերի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի առաջին պարագրաֆում նշված դրույթները, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրի առանձին տեսակների մասին նորմերով: Պայմանագրի նպատակն է գույքը ժամանակավոր օգտագործման փոխանցելը: Հենց դա է պայմանագրի երկու կողմերի նպատակը. վարձակալը հնարավորություն չունի կամ չի ցանկանում  որպես սեփականություն ձեռք բերել մի գույք, որը նրան անհրաժեշտ է որոշակի նպատակով, իսկ վարձատուն հանձնում է այդ գույքը ժամանակավոր օգտագործման` ստանալով շահույթ:

Վարձակալության մասին նորմերը  սահմանված են  նախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխում, ապա «Նոտարիատի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքներում  և այլ իրավական ակտերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` «վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք»:

Իրավաբանական բնույթով վարձակալության պայմանագիրը կոնսենսուալ, հատուցելի, փոխադարձ, երկկողմանի և ժամկետային է:

Վարձակալության պայմանագրի միակ էական պայմանը առարկան է: Քաղ. օր.-ի 608-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք)»:

Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ եթե հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու է վարձակալին, ապա այն կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով: Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Պայմանագրի կարևոր պայմաններից են ժամկետն ու գինը:

Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով: Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից` այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով (քաղ.օր.հոդված 612, 1-2 կետեր):

Վարձակալության պայմանագրի գինը վարձակալված գույքի օգտագործման համար սահմանված վարձավճարների ընդհանուր գումարն է: Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:

Օրենքը վարձակալին թույլ է տալիս նաև վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության:

Գոյություն ունի նաև գույքի օգտագործման մեկ այլ պայմանագիր` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որի հենց անվանումից էլ պարզ երևում է նրա ոչ հատուցելի լինելու հանգամանքը, ինչով էլ տարբերվում է վարձակալության պայմանագրից: Հաճախ պայմանագրի այս երկու տեսակները շփոթում են, սակայն հենց հատուցելիության հատկանիշով դրանք տարբերվում են:

Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է  վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրում՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում: Անշարժ գույքի   վարձակալության իրավունքի պետական գրանցումից անմիջապես հետո վարձակալին տրվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 5819 անգամ:
Print Friendly

Leave a Reply