ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 13 պատգամավորներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2010 16:36

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի նիստում ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը ստացավ 13 ՙկողմ՚ ձայներ` առանց դեմ և ձեռնպահի, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած: Քվեարկությանը չմասնակցեց քաղաքական կոալիցիան:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր դեռևս հոկտեմբեր ամսին, և նախագծի համահեղինակ, ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ, խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ և ԱԺ-ի ընդունած որոշմամբ, քվեարկությունը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 9-ը:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ նախորդ անգամ ներկայացրել է քաղաքական կոալիցիայի տեսակետը: ՙՈւզում եմ տեղեկացնել, որ այդ տեսակետը ոչ միայն չի փոփոխվել, այլ ավելի ամրապնդվել է, ուստի հայտարարում եմ կոալիցիոն ուժերի անունից, որ մենք քվեարկությանը չենք մասնակցելու՚,-ասաց նա:

Հոկտեմբերի 28-ի նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրապարակել էր Հայաստանի Հանրապետական, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես, ասված էր. ՙՊաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան՚: Խորհրդարանական մեծամասնությունը միաժամանակ հայտարարել էր նաև. ՙԸնթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը՚£

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply