Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը` որպես հնարավոր իրական

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 9, 2010 15:41

Տարբեր համաժողովներում, գիտաժողովներում կամ հանդիպումների ժամանակ արտասահմանցիները հայ պատվիրակներին հարցնում են.«…Լավ, այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Քանի որ շատ հաճախ հայ պատվիրակները անփորձ են լինում կամ նրանց հետ որևէ  խորհրդատվություն արված չի լինում (ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք պատանուց մինչև չափահաս նախապես պատրաստվում են ոչ միայն համապատասխան փորձագետների, այլև անվտանգության ծառայությունների կողմից), չեն իմանում  ինչ պատասխանեն կամ հակասական  փաստարկներ են բերում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է լինել միայն ֆորսմաժորային իրավիճակում, երբ բանակցությունները սպառվեն, կամ Ադրբեջանը ռազմական ագրեսիա նախաձեռնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության դեմ: Հայաստանն այնքան կառուցողական է գտնվում, որ չի շտապում ճանաչել ԼՂՀն, որպեսզի չսրի իրավիճակը, չկասեցնի բանակցությունները, քանի որ ճանաչումն էապես կփոխի տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր դասավորությունները:  ՄԱԿ-ի անդամ երկիրը, միջազգային իրավունքի սուբյեկտը ճանաչում է պետություն. հակասություններ կառաջանան, ուրեմն բոլոր մնացած միջազգային իրավունքի սուբյեկտները նույնպես պետք է ճանաչեն ևն: Սա է չճանաչելու մասին մեր պաշտոնական տեսակետը: Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը  հիմա, երբ իրական ռազմական գործողություններ չկան, ենթադրվում է, որ Ադրբեջանին այլընտրանք չի մնա, եթե ոչ պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Չնայած պարտադիր չէ, որ Ադրբեջանը հարձակվի, և պարտադիր չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննադատեն Հայաստանին:

Բայց Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգը կմեծանա, քանի որ ճանաչման փաստը Ադրբեջանի իշխանություններին կդնի երկընտրանքի առջև. կա՛մ զիջման գնալ, կա՛մ պատերազմի, կա՛մ դիմագրավել ներքաղաքական ու ներհասարակական դժգոհության բուռն ալիքին:

Փաստորեն, կարելի է ասել, որ ճանաչումը համարվում է Հայաստանի բանակցություններից դուրս գալու վերջնագիծը կամ համբերության  սպառման  կետը: Նաև պարզեցինք, որ ճանաչման տրամաբանական շարունակությունը պատերազմի հավանականությունն է: Հետևաբար, ճանաչումը չի կարող լինել մեկ օրում, ինչպես ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցության կողմից քննարկման դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Ճանաչումից առաջ

Նախ` Հայաստանի իշխանությունները նման որոշում կայացնելու համար պետք է նախապես պայմանավորվածություններ ունենան այլ երկրների խորհրդարանների ու իշխանությունների հետ, թեև չեն բացառվում նաև ԼՂՀ-ն ճանաչելու պատահական որոշումները, ասենք` Ալժիրի կողմից, որը  նույնպես նման խնդիր ունի` կապված Մարոկկոյի հետ:

Երկրորդ` Հայաստանում պետք է ձևավորվի պատերազմի նախապատրաստական հանրային համաչափ պատրաստականություն` խուսափելու խուճապի ու դասական պացիֆիզմի ծայրահեղ դրսևորումներից:

Թեև «Ժառանգությունը» նույնաբովանդակ օրինագիծ էր առաջարկել նաև սրանից առաջ`  դեռ 2008 թ. ապրիլին, որը մերժվել է ՀՀ ԱԺ կողմից, այնուամենայնիվ, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չի հաջողվել քաղաքական կուսակցությունների համախմբումն այդ հարցի շուրջ:

Այս առումով ուշագրավ է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն դիտողությունը, որ Ղարաբաղի ճանաչումն այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, իսկ հետո դեմ կամ ձեռնպահ քվեարկել… «Երկու կողմերի՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության համառության ու կոմպրոմիս գտնելու անընդունակության պատճառով է, ի վերջո, հարցը հասել քննարկման…»:

Այլ կերպ ասած, «Ժառանգությանը» չի հաջողվել համոզել քաղաքական ուժերին` ճանաչելու օրինագիծը, կամ պետությանը դեռևս պետք չէ այդ ճանաչումը:

Երկրորդ դեպքում կա՛մ նշածս հանրային պատրաստականության ապահովումն է դեռևս ձևավորման գործընթացում, կա՛մ բանակցություններում դեռևս հարցի հայանպաստ լուծման հնարավորության հույս կա, կա՛մ Հայաստանին առհասարակ ձեռնտու է ստատուս-քվոն, կա՛մ միջազգային հանրության սուբյեկտների հետ դեռևս վերջնական համաձայնություն չկա Ղարաբաղի ճանաչման առնչությամբ:

Վերջին դրույթի կապակցությամբ կարելի է նույն կերպ կամ Վահան Հովհաննիսյանի նման արձագանքել «Ժառանգության» օրինագծին, թե Ղարաբաղի ճանաչումը շահարկման ենթակա չէ, ու բացի ներսում քաղաքական համաձայնությունից, հարկավոր է դրսում քաղաքական համաձայնության հասնել, նոր մտցնել խորհրդարան:

Վերանալով հարցի ազգային բովանդակությունից` կարելի է ասել, որ օրինագծի շուրջ քննարկումները նաև օգտակար էին ադրբեջանական իշխանություններին ու ԵԱՀԿ-ին փոքր-ինչ զգաստացնելու առումով:

Այս համատեքստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Աստանայում` ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթը կրկնապատկեց այդ սթափեցնող ազդեցությունը: Նախագահն առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնեց Լեռնային ՂարաբաղԻ Հանրապետությունը ճանաչելու հնարավորությունը: «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը »,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ելույթը շատ ճիշտ էր կառուցված: Նախագահը  նախ նշեց, որ Հայաստանը դեմ է պատերազմին, ապա ավելացրեց, որ պատերազմի վերսկսման դպեքում կճանաչենք ԼՂՀ-ն, ու անմիջապես ավելացրեց, որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար: Այսինքն` եթե պատերազմ հայտարարվի Ղարաբաղի դեմ, Հայաստանը մեխանիկորեն կներգրավվի պատերազմում` աջակցելով նրան բոլոր հնարավորություններով, այդ թվում` ռազմական:

Աստանայի գագաթնաժողովում նման ելույթը, որն աննախադեպ էր Ղարաբաղի ճանաչման առումով, հնարավորություն է ԵԱՀԿ-ի համար խորհելու իր` Ադրբեջանի ագրեսիվ ու պատերազմամետ վարքագիծը չդատապարտելու վարքագծի մասին, և Ադրբեջանի համար` խորհելու սեփական անզիջում կեցվածքի մասին:

Ելույթը Ադրբեջանի` հնարավոր ռազմական գործողությունների դիմելու քաղաքականության կանխարգելման լրացուցիչ գործառույթ իրականացրեց:

Հայաստանի նախագահի` ԼՂՀ-ն ճանաչելու կոչը ԵԱՀԿ բոլոր երկրների ղեկավարներին ու պատվիրակություններին ժամանակային առումով համընկավ Հայաստանում համապատասխան օրինագծի քննարկումների հետ` որպես դրա տրամաբանական շարունակություն:

Եվ եթե նախագահն է նման հայտարարություն անում, նշանակում է, որ Հայաստանն արդեն պատրաստվում է ճանաչմանը հետևող կամ ճանաչումից բխող բոլոր գործընթացներին, այդ թվում` միջազգային մակարդակում քաղաքական համաձայնության կոնսոլիդացիայի ու Ադրբեջանի հնարավոր քայլերին հակազդելու գործողություններին:

Եթե Ադրբեջանի`  վերջին ամիսների հրադադարի ռեժիմի խախտումներով ու ԼՂՀ բնակչության դեմ սպառնալիքներով զուգորդված լկտի պահվածքը շարունակվի, Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն ավելի իրական կդառնա, քանի որ դրանով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում Ադրբեջանի` հարցը խաղաղ ճանապարհով ու կառուցողական լուծելու քաղաքական կամքի բացակայությունը:

Այդուամենայնիվ, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ԼՂՀ ճանաչումը կարող է լինել 2012 թ. խորհրդարանական ընտրություններից և  2013 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ կչեզոքանան միջազգային կառույցների հնարավոր ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա:

Ամեն դեպքում ճանաչումն ավելի իրական կդարձնի ռազմական երկրորդ բախումը Ադրբեջանի ու ԼՂՀ միջև, որից Հայաստանը չի կարող անմասն մնալ:

Դիտվել է 2343 անգամ:
Print Friendly

Leave a Reply