Հայաստանի 2011թ.-ի պետական բյուջեն հաստատվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2010 15:35

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը 80 ՙկողմ՚, 14 ՙդեմ՚ և 2 ՙձեռնպահ՚ ձայներով ընդունեց ՀՀ 2011թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը: Հայտատված բյուջեն ծախսերի գծով կազմում է 1 տրիլիոն 1 մլրդ դրամ, եկամուտների գծով` 852 մլն դրամ, դեֆիցիտը` 148,6 մլրդ դրամ: ՙՄենք քաջ գիտակցում ենք, որ բարձրացված բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն ստացել իրենց լուծումները, բայց այն առաջարկությունների փաթեթը, որ այսօր մենք ունենք օրակարգում, և այն միջոցառումները, որ մենք ծրագրավորում ենք ձեզ հետ համատեղ իրականացնել, հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումները մեր քաղաքացիների համար կտան շոշափելի արդյունքներ՚,-ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշվեց նաև, որ ակնհայտ է, որ 2011թ.-ի պետբյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: ՙԵթե համեմատում ենք 2010թ.-ի բյուջեի հետ, ապա տեսնում ենք, որ լրացուցիչ եկամուտները, որ մենք հավաքագրելու ենք 2011թ.-ի ընթացքում, հիմնականում ուղղվելու են սոցիալական ոլորտի ծախսերին, և դա, բնականաբար, ստեղծելու է մի բարենպաստ միջավայր Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մենք ձեզ հետ կարողանանք հաղթահարել այն բոլոր բարդությունները, որոնք այսօր առկա են սովորական քաղաքացիների համար՚,-հայտարարեց Տ.Սարգսյանը: Նշենք, որ 2011թ.-ի պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին ընդդիմադիր ՙԺառանգության՚ և ՀՅԴ պատգամավորները, ինչպես նաև անկախ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Ձեռնպահ էին անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը և ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: Ինչպես ՀՅԴ խմբակցության անունից մասնավորապես նշեց Արծվիկ Մինասյանը. ՙ2011թ.-ի բյուջեն նախաձեռնողական չէ, չի ապահովում ազգաբնակչության առաջնային և երկրորդային եկամուտների էական աճ, չի խրախուսում փոքր ու միջին բիզնեսը, չի խթանում քաղաքացիների ձեռնարկատիրական ունակությունները, չի ապահովում հավասար տնտեսական մրցակցություն, չի նպաստում հեռանկարային զարգացմանը միտված տնտեսական կառուցվածքի ձևավորմանը՚: Պնդելով, որ ՙՀայաստանը կանգնած է տնտեսական ճգնաժամի առջև, և այդ ճգնաժամը դրսևորվում է բոլոր ոլորտներում՚, նա ներկայացրեց առանձին ոլորտներում առաջնահերթ բարեփոխումների առաջարկներ: ՙԺառանգություն՚ խմբակցության անունից Անահիտ Բախշյանն էլ նախապես հայտնել էր. ՙԵզրակացությունը հետևյալն է. 2011թ.-ի բյուջեն ոչ այլ ինչ է, քան կոալիցիոն ուժերի նախընտրական սպասարկող, և երկրորդ` ամբողջ կոռուպցիայի աղն ու բիբարն այստեղ կա: Կառավարությանն առաջարկում եմ լրջորեն վերանայել այդ ծրագրերը, ֆինանսավորումը և ամբողջ գնագոյացման քաղաքականությունը, որը վարում է մեր կառավարությունը մեր ժողովրդի կյանքի հաշվին՚ Գայանե Մելիքյան

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply