Փոփոխություն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 9, 2010 15:31

ԼՂՀն, չհանդիսանալով միջազգային իրավունքի սուբյեկտ, ՀՀի համար կդառնա միջազգային պայմանագրի կողմ

Այս շաբաթ գումարված Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին հերթական քառօրյա նիստերում կառավարությունն

առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ միջազգային պայմանագրի սուբյեկտներին վերաբերող դրույթը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀՀ միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները»: Կառավարության հիմնավորմամբ` օրենքի նախագիծը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները: «Մինչ այդ օրենքում ունեինք այդ հնարավորությունը, մասնավորապես, Լինսի հիմնադրամի հետ ենք ստորագրել համապատասխան պայմանագիր: Այս փոփոխությունն ընդլայնում է այդ ցանկը և հնարավորություն է տալիս ավելի հստակ հիմքով շարունակելու գործընթացը միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ պայմանագրեր ստորագրելիս»,-ասաց հիմնական զեկուցողը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Առաջին հայացքից այս ոչ մեծ փոփոխությունը երկար և բուռն քննարկումների տեղիք տվեց: «Այս օրենսդրական նախաձեռնությունը լավ հնարավորություն է, որպեսզի խորհրդարանում քննարկվեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված մոտեցումներ»,- նկատեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նախ հայտնեց, թե կառավարության առաջարկած փոփոխությունն իրեն «անակնկալի է բերել»: «Միգուցե շատերը ուրախանան, բայց ես այդ ուրախացողների մեջ չեմ, որովհետև եթե մինչև հիմա չենք ասում, որ ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, համենայնդեպս չենք էլ ասում, որ չենք ճանաչել: Եվ հիմա կարծես թե այս օրենքով ասում ենք ` չենք ճանաչել և նրա հետ, որպես չճանաչված պետության, կարող ենք պայմանագրեր կնքել: Սա, ես կարծում եմ, քաղաքական մեծ սխալ կլինի, և հետևանքները կարող են բավական բացասական լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ըստ նրա` խոսքն ամենևին չի վերաբերում Ղարաբաղի հետ պայմանագրային հիմքեր ունենալուն: «Մենք բոլորս դրան կողմնակից ենք, բայց միաժամանակ հստակ գիտակցում ենք, որ լավագույն ճանապարհը ԼՂՀ-ն ճանաչելն է և ճանաչման հիմքի վրա համագործակցության պայմանագրեր կնքելը»,- վստահեցրեց Ս. Սաֆարյանը: Նույն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում գործող օրենքի պարագայում կնքել այդ պայմանագրերը, և ինչ «նորություն է բերում այս փոփոխությունը»:

Շ. Քոչարյանը նկատեց, որ օրենքում առաջարկվող փոփոխությունն ավելի լայն է, վերաբերում է ոչ միայն ԼՂՀ-ին: «Բայց երբ դիտարկում ենք ԼՂՀ-ի տեսանկյունից, այն միջազգայնորեն ճանաչված չէ, այդ իսկ պատճառով միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում, բայց այս փոփոխությամբ ՀՀ-ի համար հանդիսանալու է միջազգային պայմանագրի կողմ»,- ասաց նա: Նշվեց նաև, որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ ունի բազմաթիվ գործող պայմանագրեր, և այդ գործընթացը շարունակվելու է: «Տարբերությունը կարող է լինել այն, որ ԼՂՀ-ի հետ ստորագրվելիք պայմանագիրը կարող է բերվել ԱԺ վավերացման, ինչը մինչ այս տեղի չի ունեցել: Պետք է արձանագրեմ, որ մեր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ միշտ կառուցվել են որպես իրավահավասար սուբյեկտի հետ: Մեզ համար ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է: Ինչ վերաբերում է դե յուրե ճանաչմանը, ապա դա առանձին հարց է, ես կարծում եմ` օրենքի հետ ուղղակի առնչություն չունի, բայց դրա մասին բազմիցս ասվել է, որ հարցն օրակարգում միշտ կա և կարվի այն ժամանակ, երբ առավել արդյունավետ կլինի»,- հայտարարեց փոխարտգործնախարարը:

Հարակից զեկուցողը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ հանձնաժողովի անունից հայտնեց, որ  «նախագիծը ոչ միայն անհրաժեշտ է, այլև` չափազանց կարևոր, եթե նկատի ունենանք առաջին հերթին օրենքի փոփոխության հետ կապված հստակ ենթատեքստը»: «Սա ուղղակի առնչվում է ԼՂՀ-Հայաստան հարաբերություններում առկա խնդրին: Կարծում եմ, սա իսկապես մեզ հնարավորություն է տալու, որ հետագայում, անհրաժեշտության դեպքում, նման համաձայնագրերը, որոնք այսօր էլ կան, այլևս գաղտնիության, կիսագաղտնիության քողով պարուրված չլինեն, այլ վավերացումն ուղղակի իրականացնի ԱԺ-ն»,- ընդգծեց նա: Դաշնակցական պատգամավորը նշեց նաև, որ Հայաստանը մինչ այժմ, չճանաչելով դե յուրե ԼՂՀ-ն, իր գործողություններով փաստացի ընդունել է նրա գոյության փաստը: «Այդ փաստն արձանագրված է նրանով, որ ԱԺ-ն ամեն տարի պետական բյուջեում նախատեսում է միջպետական վարկ, ԼՂՀ-ի ներկայացուցչությունն է այստեղ, ունենք միջխորհրդարանական հանձնաժողով, որը գործում է ԼՂՀ և ՀՀ ԱԺ-ների մասնակցությամբ: Ունենք բազմաթիվ միջգերատեսչական պայմանագրեր, համաձայնագրեր` կնքված վարչապետների միջև: Այսինքն` փաստացի ունենք մի իրավիճակ, որը պետք է տեղափոխել ավելի հիմնավոր օրինական դաշտ: Նաև ՀՅԴ-ի մոտեցումն է, որ, որպես ԼՂՀ-ի ճանաչման միջանկյալ քայլ, հասունացած է այն պահը, որ Հայաստանն ամեն պահի կարող է որոշել և Ղարաբաղի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք` արձանագրելով Հայաստանի` որպես ԼՂՀ-ի անկախության և անվտանգության երաշխավորի կարգավիճակը»,-ասաց Ա. Ռուստամյանը: Նրա պարզաբանմամբ, դա հնարավորություն կտա Հայաստանին միջազգային ատյաններում արծարծելու իր երաշխավոր լինելու հանգամանքը: «Եթե իշխանություններն այսօր ԼՂՀ-ի ճանաչման նպատակահարմարության հարցը կապում են բանակցային գործընթացում խնդիրներ չառաջացնելու հետ, ես կարծում եմ` պայմանագրերի կնքումը` որպես միջանկյալ լուծում, բոլորովին չի խանգարի և խոցելի չի դարձնի հայկական կողմերի դիրքերը: Կա ադրբեջանաթուրքական  տանդեմին ԼՂՀ-ՀՀ տանդեմ հակադրելու կարևորագույն անհրաժեշտությունը»,-հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Նախագծին դեմ արտահայտվեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները: «Այս քայլն իմաստ կունենար, եթե այն համակցված լիներ ԼՂՀ ճանաչման քայլով կամ հաջորդեր դրան»,- վստահեցրեց խմբակցության ղեկավար Ս. Սաֆարյանը: Պատգամավորի համոզմամբ` ՀՀ բոլոր երեք նախագահներին ԼՂՀ ճանաչումը ձեռնտու չի եղել: «Արդյունքում ԼՂՀ-ն մնացել է չճանաչվածության պատանդը, բանակցային գործընթացի գերին և մադրիդյան առաջարկների զոհը»,- եզրակացրեց նա: Ս. Սաֆարյանը նաև համոզմունք հայտնեց, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը լիովին համահունչ է Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի հայտարարության տրամաբանությանը, որն այլ կերպ, քան ԼՂՀ-ն չճանաչելու  պարտավորություն, անհնար է մեկնաբանել:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply