Այսօրվանից Սևանա լճում ձկնորսությունն արգելված է` բացառությամբ դեկտեմբերի 29-31-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2010 15:12

Այսօրվանից սկսած մինչև 2011-ի հունվարի 20-ը Սևանա լճում արգելված է ցանկացած տեսակի արդյունագործական ձկնորսությունը. սկսվել է  սիգի և իշխանի ձվադրման ժամանակաշրջանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը:

Նրա խոսքով, սակայն, դեկտեմբերի 29-31-ը Սևանում ձկնորսության արգելքը չի գործի, կթույլատրվի կարասի և խեցգետնի որսը:

Պապոյանը նշեց, որ նախորդ երկու օրերին լճի շրջակայքում կատարվել են լողամիջոցների և ձկնորսական սարքավորումների  մաքրման աշխատանքներ` այսօրվանից ձկնորսության արգելքն ապահովելու համար: Պապոյանը նշում է, որ ձկնորսության արգելքն ապահովլու համար երկու նախապայմանների մասին էլ հոգացել են. արգելքի ողջ ընթացքում թույլ չի տրվի որևէ լողամիջոց լիճ մտնի, բացի այդ վերահսկողություն կիրականացվի Երևանի և այլ քաղաքների շուկաներում` կանխելու անօրինական որսի վաճառքը:

Պապոյանի խոսքով` մայրուղիները ևս կլինեն ոստիկանների հսկողության ներքո:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի  ձկնապաշարների պահպանության համար Սևանա լճի հարակից բնակավայրերում լուծել սոցիալական առկա խնդիրները, Պապոյանը նշեց. «Կան մարզեր, որոնց սոցիալական վիճակն ավելի վատ է, ի՞նչ է, թո՞ւյլ տանք, որ այդ մարզերի բնակիչները գողություն անեն»:

Քիչ անց, անդրադառնալով 3 տարով ձկնորսության բացարձակ արգելքի հարցին, Պապոյանը նշեց, թե հարցը  սոցիալական ենթատեքստ ունի և պետք է քննարկել կառավարությունում:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply