ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2010 13:37

Դեկտեմբերի 10-ը ողջ աշխարհում  համարվում է մարդու իրավունքների օր: Այդ օրվա կապակցությամբ միջազգային հանրությանն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որում մասնավորապես ասված է. «Մարդու իրավունքները ազատության, խաղաղության, զարգացման և արդարության հիմքն են և Միավորված ազգերի կազմակերպության կողմից աշխարհով մեկ իրականացվող աշխատանքների հիմքը:

Մարդու իրավունքների պաշտպանության և նրանց դերի բարձրացման մասին օրենքներն անժխտելի են: Բայց շատ հաճախ, երբ խիզախ կանայք և տղամարդիկ, ջանալով պաշտպանել իրենց և ուրիշների իրավունքները… վճռելով իրավունքներն իրական դարձնել մարդկանց կյանքում` իրենք են տառապանքների մեջ ընկնում:

Սրանք մարդու իրավունքների այն պաշտպաններն են, ում նվիրում ենք Մարդու իրավունքների այս տարվա օրը:

Իրավապաշտպանները որպես խումբ իրարից շատ տարբեր են: Նրանք կարող են լինել հասարակական կազմակերպության անդամներ, լրագրող կամ պարզապես միայնակ քաղաքացի, ովքեր դժգոհելով իրենց մոտակայքում տեղի ունեցող անարդարությունից սկսում են գործել:

Բայց նրանք բոլորն էլ ստանձնում են անօրինականություններ երևան հանելու, ամենախոցելիներին պաշտպանելու և անպատժելիությանը վերջ տալու պարտավորություն: Նրանք ոտքի են ելնում, բարձրաձայնում, այսօր նաև սոցիալական ցանցերով, հանուն ազատության և մարդկային արժանիքների:

Իրավապաշտպանները կենսական դեր են խաղում խտրականության դեմ պայքարում: Նրանք հետաքննում են խախտումները, օգնում զոհերին արդարություն և աջակցություն ստանալ:

Բայց շատ ավելի հաճախ նրանց աշխատանքը ահագին ռիսկ է պարունակում:

Իրավապաշտպանները հալածվում են, զրկվում իրենց աշխատանքից և անօրինականորեն բանտարկվում: Շատ երկրներում նրանք կտտանքի են ենթարկվում, ծեծվում և սպանվում են:

Նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նույնպես հալածանքի և ահաբեկության թիրախ են հանդիսանում:

Կին իրավապաշտպանները լրացուցիչ ռիսկերի են հանդիպում, ուստի լրացուցիչ աջակցության կարիք ունեն:

Մարդու իրավունքների այս օրը առիթ է ողջունելու իրավապաշտպանների խիզախությունն ու ձեռքբերումներն ամենուր, և խոստանալու անել ավելին նրանց աշխատանքը պաշտպանելու համար:

Մարդու իրավունքների ջատագովներին պաշտպանելու հիմնական պատասխանատվությունը կրում են պետությունները: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին ապահովել արտահայտման և հավաքների ազատությունը, ինչն իրավապաշտպանների գործը հնարավոր է դարձնում:

Մարդու իրավունքների պաշտպանների կյանքին վտանգ սպառնալիս` նվազում է մեր բոլորի անվտանգությունը:

Երբ մարդու իրավունքների պաշտպանների ձայները լսելի չեն, արդարությունն ինքնին խեղդված է:

Մարդու իրավունքների այս օրը եկեք ոգեշնչվենք նրանցով, ովքեր ձգտում են մեր աշխարհն ավելի արդար դարձնել: Եվ թույլ տվեք հիշել, որ յուրաքանչյուր ոք` անկախ մասնագիտությունից, ուսուցումից և կրթությունից, կարող է լինել մարդու իրավունքների ջատագով»:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply