Տիգրան Սարգսյան. «Պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 9, 2010 13:06

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել և հանձնարարականներ տվել  մի շարք ոլորտների ներկայացուցիչների:

Վարչապետն իր ելույթում նշել է.

– Առաջինը, Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ. կա համագործակցության զգալի մեծ ներուժ և Եվրամիության կողմից մի մեծ գործիքակազմ, տեխնիկական ֆինանսական օժանդակություն, որից մենք այսօր արդյունավետ չենք օգտվում։ Այդ կապակցությամբ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու մեզ համար չափազանց կարևոր գիտաժողով, որը նվիրված է լինելու Եվրամիության հետ մեր համագործակցության խնդիրներին և մանրակրկիտ քննարկվելու է այն գործիքակազմը, որն Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկվում է և այդ գործիքակազմին մանրակրկիտ տիրապետելը չափազանց կարևոր է մեր նախարարությունների համար։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվում է ապահովել իրենց տեղակալների մասնակցությունը այդ գիտաժողովին, այն տեղակալների, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրացիայի գործընթացների համար։ Արդյունքում ակնկալում եմ, որ նրանք կներկայացնեն հաշվետվություն ձեր նախարարությունների և գերատեսչությունների կտրվածքով, թե ինչպիսի՞ գործիքներից ինչպես պետք է օգտվեն ձեր գերատեսչությունները և այդ առաջարկությունները պետք է ինձ ներկայացնեն գիտաժողովից հետո։

Երկրորդ հանձնարարականը տրվում է ոստիկանությանը։ Պարտադիր ապահովագրության ինստիտուտը, որ հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, որ դրանք օգտագործվելու են։ Խոսքն առաջին հերթին համայնքներում, գյուղական շրջաններում գտնվող ավտոմեքենաների մասին է, որոնք օգտագործվում են գյուղացիների կողմից տարվա ընթացքում երկու-երեք ամիս և դրանց քանակը բավականին մեծ է։ Մենք պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան այդ երկու-երեք ամիսների ընթացքում շահագործեն իրենց ավտոտրանսպորտը և ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար։ Սա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար։ Հանձնարարվում է ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել համապատասխան որոշում, որտեղ հստակ նկարագրված կլինի այդ կարգը, և նաև նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք պետք է իրականացնեն մեր գյուղացիները մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու համար։

Երրորդը վերաբերում է ժամանակավոր անվճարունակության սոցիալական նպաստներին, որ մենք վճարում ենք հղի կանանց։ Նախարարին հանձնարարականը տրված է, և այսօր կա համագործակցություն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ։ Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում։

Եվ չորրորդ հայտարարությունը։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։ Մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ։

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply