Մասնագետները մտահոգ են Սյունիքում արձանագրվող հրդեհներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2010 11:57

ՀՀ բնապահպանության նախարարությունը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, դեկտեմբերի 8-11-ը Կապանում անցկացնում է «Կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ Սյունիքի անտառային կենսաբազմազանության պահպանություն» թեմայով դասընթաց` մարզի անտառտնտեսությունների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների համար: Նպատակը կլիմայի փոփոխությունների հետեւանքով անտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացումն ու արհավիրքների դիմակայմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումն է:

«Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանի խոսքով` կլիմայական փոփոխությունների հետեւանքները Հայաստանում առավել նկատելի են Սյունիքում, ուստի նախարարության մասնագետները դասընթացը սկսեցին հենց Սյունիքի մարզից: Հաջորդ տարվանից դրանք կանցկացվեն հանրապետության մյուս մարզերում: Դասընթացի առաջին օրը քննարկվել են կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունները անտառային գոտիների վրա:

Նշվել է, որ վերջին տարիներին Սյունիքի անտառներին մեծ վնասներ են հասցրել հատկապես հրդեհները, որոնք այս օրերին առավել շատացել են չոր ու տաք եղանակի պատճառով: Սյունիքում մեծ թվով ծառեր հատվել են էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ ապօրինի ծառահատման դեպքեր դեռ կան: Վերջին 3 տարում մարզի հրդեհված անտառհատվածներում 55 հա-ի վրա իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ:

Անդրադառնալով Շիկահողի պետարգելոցին` Ա.Ղուլիջանյանն ասաց, որ անհրաժեշտ է այստեղ անցկացնել գույքագրման աշխատանքներ եւ ռեսուրսների գնահատում, ինչը արտասահմանյան երկրներում արվում է հինգ տարին մեկ: Դասընթացի ընթացքում ցուցադրվել են նաեւ տեսաֆիլմեր:

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply