Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի նախագահ Տադիչը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 14:17

boris-tadicՎաղը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:

Հուլիսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Տադիչի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի 2 նախագահների առանձնազրույցը:Կկայանա նաև պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո Հայաստանի և Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:

Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Սերբիայի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի եւ ծաղկեպսակ կդնի նաև 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայերին օգնության շտապող հարավսլավացի օդաչուների հուշարձանին, որոնք զոհվեցին ավիավթարից: Տադիչը կլինի նաև Մատենադարանում:

Սերբիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են Սերբիայի արտաքին գործերի, առևտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ:

Սերբիան դեպի ծով ելք չունեցող Եվրոպական երկիր է, ունի 77.474 քկմ տարածք, 8 մլն բնակիչ` 2008-ի տվյալներով: Մայրաքաղաքը Բելգրադն է, որտեղ անցկացվել է 2008-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

2008-ի փետրվարի 17-ին Սերբիայի տարածքում գտնվող և վիճելի տարածք համարվող Կոսովոն ինքնահռչակվեց անկախ հանրապետություն: Կոսովոյի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 62 երկրներ:

Տադիչը Սերբիայի նախագահն է 2004-ից: Վերընտրվել է 2008-ի փետրվարի 3-ի ընտրություններում` ձայների 50,3 տոկոսով:

Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply