Արարատի մարզում փորձարկվել են հայրենական արտադրության կենսապարարտանյութեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 9, 2010 10:24
Արարատի մարզում փորձարկվել են հայրենական արտադրության «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը: Դրանք օգտագործվել են մարզի Նոր Կյանք համայնքում, դրանից օգտվել են նաեւ անհատներ, իսկ արդյունքները գնահատել են Գյուղատնտեսության աջակցության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները եւ «Կանաչների միություն» փորձարարական ընկերությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Հայկազ Տերտերյանը, կենսապարարտանյութերի օգտագործումը միանգամից լուծում է մի քանի խնդիր. արտադրողականությունը բարձրացնում է 30 տոկոսով` բնակչությանը մատակարարելով էկոլոգիապես մաքուր սնունդ: Այն չունի ոչ մի բացասական ազդեցություն, նպաստում է բույսերի հիվանդությունների նվազեցմանը, հողերում խոնավության պահպանմանը, նաեւ աղակալած հողերի բարելավմանը:
Բաժնի պետը նշեց, որ ՀՀ կառավարության հանձնարարականով մարզում աշխատանքներ են տարվում կենսապարարտանյութերի օգտագործումը խթանելու ուղղությամբ` իրազեկելով բնակչությանը: Նրա փոխանցմամբ` հնարավոր է, որ տեղում արտադրելը հնարավորություն տա, որպեսզի հետագայում այլեւս պարարտանյութ չներկրվի, ընդհակառակը` արտահանվի, նամանավանդ, որ այն ավելի մատչելի է, իսկ տեղափոխումն ավելի դյուրին: 1լ կենսապարարտանյութը հնարավոր է օգտագործել 1000քմ հողատարածքում` կաթիլային, բույսի շուրջը ցողելու, եւ մի քանի այլ եղանակներով:






Facebook
Tweet This
Email This Post
