ՀՀԿ Գործադիրի նիստում Բեգլարյանը կուսակցական նկատողություն չի ստացել. Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2010 0:46

Այսօր Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը տևել է շուրջ 30 րոպե: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, նիստում քննարկվել է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաև այն, թե ինչպես է կազմակերպվելու հաջորդ քաղաքապետի ընտրությունը:

«Առաջիկա երեք օրերի ընթացքում Երևանի ավագանիում խմբակցությունները կորոշեն քաղաքապետի ընտրության օրը և մեկ ամսվա ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի նոր քաղաքապետ», -հավելեց Շարմազանովը` նկատելով, որ ավագանիում Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու դեռ չունի:

Մեր հարցին, թե արդյոք հարց դրվել է Գագիկ Բեգլարյանին կուսակցությունից հեռացման մասին կամ արդյոք նկատողություն է արվել նրան, Շարմազանովը պատասխանեց, որ նման բան չի եղել, և ընդհանապես, Գործադիր մարմնի նիստում կուսակցական հարցեր չեն քննարկվել:

Նշենք, որ «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնելու է Երևանի առաջին փոխաքաղաքպետ Տարոն Մարգարյանը, որից հետո Երևանի ավանագանին նշանակում է Երևանի քաղաքապետի ընտրության օրը: Քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում Երևանը պետք է ունենա նոր քաղաքապետ, իսկ նոր քաղաքապետի ընտրությունը կատարելու է ավագանին: Ներկայիս ավագանու կազմից քաղաքապետի ընտրությունը, ըստ էության տեղի կունենա մինչև հունվարի 8-ը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել` իր հետ կապված սկանդալի պատճառով. ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանը դաժան ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն արդեն հաստատել է այդ միջադեպի փաստը ու հայտարարել, որ Հայաստանի նախագահը նման վարքագիծը համարում է անընդունելի ու անթույլատրելի:

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply