Բարգավաճ-Հանրապետական կռիվ. կոնգրեսին նետում են երրորդ տե՞ղը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 28, 2009 12:59

mhm41756-1Հանրապետական-Բարգավաճ ձեռնամարտերը, որ անցյալ շաբաթ եղան քաղաքի տարբեր հատվածներում, Բարգավաճի պայքարն է, որ թույլ չտա Երևանի ավագանիում Հանրապետականը 40 տոկոսից ավել ձայն ունենա:
Հանրապետականը որոշել է ավագանու 65 տեղերից 30-ը վերցնել, որպեսզի կարողանա առանց այլ կուսակցությունների աջակցության Գագիկ Բեգլարյանին ընտրել քաղաքապետ:

Երևանի ինքնակառավարման մասին օրենքի համաձայն մեխանիկորեն քաղաքապետ է դառնում այն կուսակցության առաջին դեմքը, ով ստացել է ձայների 51 տոկոսը: Իշխանությունը հասկանում է, որ այդքան ձայն հավաքելու համար անհրաժեշտ կլինի ակնհայտ կեղծիքների գնալ: Այդ պատճառով օրենքի մեջ մտցրել է մի կետ, ըստ որի` եթե ոչ մի կուսակցություն 51 տոկոս ձայն չհավաքի, ապա քաղաքապետ կընտրվի այն թեկնածուն, ով ավագանու նիստում կստանա ավագանու ձայների 40 տոկոսից ավել: Օրենքը բառացի ասում է. «Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավել են դեմ քվեարկած ձայների թվից և ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»:

Այսինքն, եթե ավագանին ձևավորեն Հանրապետական, Բարգավաճ կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը, որն ամենահավանականն է (չորրորդ կուսակցությունը, որ կարող է հաղթահարել 7 տոկոսի պատնեշը, դաշնակցությունն է), ու ոչ մի կուսակցություն 51 տոկոս ձայն չհավաքի, ապա քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Գագիկ Բեգլարյանը: Այս դեպքում բոլոր հանրապետականները, 40 տոկոսից ավել քվեարկելով նրա օգտին, կընտրեն քաղաքապետ: Ավագանու մյուս կուսակցություններն անմասն կմնան այդ ընտրությունից: Դեմ ձայներն էլ չեն գերազանցի 40 տոկոսը, քանի որ Բարգավաճը` որպես իշխանության դաշնակից, չի միանա Կոնգրեսին:

mhm41778-1Այս իրավիճակում Բարգավաճը պայքարում է, որ Հանրապետականը 40 տոկոսից ավել ձայն չհավաքի, որ «կանտրոլնի պակետը» նրա ձեռքը չլինի ու միանձնյա չնշանակի Բեգլարյանին քաղաքապետ, ինքն էլ մասնակից լինի այդ նշանակմանը: Եթե հանրապետականը ստանա 39-40 տոկոս ձայն, ապա ստիպված կլինի այդ 2 տոկոսն ունենալու համար Բարգավաճին մասնակից դարձնել քաղաքապետի ընտրությանը: Իսկ Հանրապետականը չի ցանկանում իշխանությունը կիսել որևէ այլ ուժի հետ: Այս հակասությունը բախումներ առաջացրեց Աջափնյակում, Արաբկիրում ու քաղաքի այլ հատվածներում: Հիմա կրքերը հանդարտվել են, ու Բարգավաճը, հավանաբար, հասկացել է, որ չի կարողանալու զրկել Հանրապետականին 40 տոկոսից ավել ձայնից:

Այսուհանդերձ, Բարգավաճի ակտիվ քարոզարշավը ձեռնտու է Հանրապետականին, քանի որ արդյունքում Հայ ազգային կոնգրեսը երրորդ տեղն է մղվում, և այդ տեղը նրան հնարավորություն չի տա քաղաքապետի պաշտոնի համար պայքարել կեղծված ընտրությունների դեմ բարձրացրած դրոշով:

Իսկ ընդդիմությունը, դուրս մղվելով խաղից ու կորցնելով ազդեցությունը, հնարավորություն կտա, որ աճի Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

Դիտվել է 1897 անգամ:
Print Friendly

Leave a Reply