Կառավարության ղեկավարը մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 8, 2010 18:04

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա էր Գեղագիտության ազգային կենտրոնում բացված Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Աշխարհի հայ նկարիչների միավորման» նախագահ Ղազար Միրզոյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շնորհավորելով ներկաներին և, մասնավորապես, երեխաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, վարչապետն ընդգծեց, որ Տիգրան Մեծի հոբելյանը մեր ժողովրդի համար առանձնահատուկ խորհուրդ ունի. «Հայ ժողովրդի պատմության մեջ մեծ է այդ խորհրդի բովանդակությունը, և դա կայանում է նրանում, որ շնորհիվ Տիգրան Մեծի` մենք պահել ենք անկախ պետականության երազանքը, և շնորհիվ նրա է, որ այսօր այդ երազանքն ի կատար ենք ածում: Այս տեսակետից մեր պատմության մեջ ամենագլխավոր դերակատարությունն ունեցող ակնառու երևույթն է Տիգրան Մեծը, և մենք պարտավոր ենք ըստ արժանվույն գնահատել նրա դերակատարությունը»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով` հայկական ինքնության կերտման գործում ապագայի տեսլականի ձևավորման առումով Տիգրան Մեծի դերակատարությունը չափազանց մեծ է. «Մենք նպատակ ունենք կարևորել այդ հանգամանքն այս միջոցառումներով, և վստահ եմ, որ մեր արվեստագետները, պատմաբաններն անդրադառնալու են Տիգրան Մեծի թեմային»: Նա նշեց, որ Հայաստանի անկախության տարիները հնարավորություն են տալու վերաիմաստավորել Տիգրան Մեծի արժեքը և նշանակությունը պատմության մեջ:
Այնուհետև վարչապետը ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված շուրջ 100 աշխատանքներին: Մանկական ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

Դիտվել է 1746 անգամ:
Print Friendly

Leave a Reply