Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին դիտում է որպես «մեծ տերություն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 13:13

hilaryclintonԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է ուժեղ Ռուսաստանի գոյությամբ և այն դիտում է որպես «մեծ տերություն»: Նա այդ մասին նշել է` պատասխանելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այն հայտարարությանը, թե Մոսկվան պետք է որոշակի համաձայնությունների գա Արևմուտքի հետ և  որ Մոսկվան ստիպված կլինի «բռունցքը թուլացնել» նախկին Խորհրդային Միության անդամ հանրապետությունների նկատմամբ:

Շաբաթ օրը «The Wall Street Journal» թերթում հրապարակված հարցազրույցում Բայդենն ասել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը, բնակչության թվաքանակի կրճատումը, բանկային հատվածի թույլ զարգացումը Ռուսաստանին մղում են սերտորեն համագործակցելու Վաշինգտոնի հետ:

Խոսելով Բայդենի հայտարարությունների մասին` Քլինթոնն ասել է. «Ես չեմ կարծում, որ դա այն ամենն է, ինչ փոխնախագահը նկատի է ունեցել: Հիշեք` հենց նա էր վարչակազմի առաջին մարդը, որն ասաց, թե մենք ցանկանում ենք վերաբեռնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մենք գիտենք, որ դա անելը դյուրին չէ, դրա համար ժամանակ է պահանջվում: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը լինի ուժեղ, խաղաղ ու բարգավաճող»:

ՌԴ  նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ իր հերթին «ՆՏՎ-ի ամփոփիչ ծրագրին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը կհեռանա, Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը կմնա, և հարաբերությունները կվերականգնվեն նոր իրողությունների հաշվառմամբ:

«Սահակաշվիլիի կարգի ռեժիմները գալիս ու գնում են, իսկ ժողովուրդների միջև զգացմունքները` մնում: Եվ ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մեր հարաբերությունները կվերականգնվեն նոր հիմքի վրա` այն նոր իրողությունների հաշվառմամբ, որ առկա են, և այն ողբերգական էջերի հաշվառմամբ, որ այդ հարաբերություններն անցել են վերջին ժամանակներս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մեդվեդևը:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply