Հայաստանում դեռահասների 2,5 տոկոսը թմրանյութ է փորձել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 19:22

Հայաստանում դեռահաս աղջիկների 18,25 տոկոսը և տղաների 9,5 տոկոսը դժգոհ են իրենց քաշից, դպրոցական աշակերտների 12.6 տոկոսը քաղցած են դասի գնում` տանը սննդամթերք չունենալու պատճառով: Տարածված են նաև անառողջ սննդային սովորույթները. 10 դեռահասներից 8-ը չեն նախաճաշում, նախընտրում են արագ սնունդ և քաղցրավենիք. տվյալները «Արաբկիր» բժշկական համալիրի, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կատարած ուսումնասիրություններից են` կատարված 2005 թ.:

Ընտանեկան բժիշկ Կարինե Միրզոյանի խոսքով` այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2005թ. մինչև այսօր գրեթե ոչինչ չի փոխվել դեռահասների խնդիրների մեջ:

Ընտանեկան բժիշկների խորհրդի կողմից այս տարվա փետրվարին կատարված` դեռահասների առողջապահական և հոգեբանական խնդիրների ուսումնասիրությունները կամփոփվեն սեպտեմբերին առաջին անգամ լույս տեսնող «Դեռահասը» ամսագրում. «Նպատակը դպրոցում համապատասխան առարկայի պարտադիր դասավանդումն է,  ձեռնարկը կուղղարկվի նաև Կրթության և Գիտության նախարարություն, հուսանք, որ ամսագրի հիման վրա կստեղծվի դպրոցական դասագիրք»,-ասում է Միրզոյանը:

Այսօր դեռահասների մեծ մասը` մոտ 70.4 տոկոսը, իրենց առողջությունը գնահատում են գերազանց, թեպետ շատերն ունեն գանգատներ` հիմնականում գլխացավ: Դեռահասները նաև ֆիզիկական ակտիվության պակաս ունեն. ընդհանուրի  շուրջ ¼-ը օրեկան 5 ժամ հեռուստացույց է դիտում: Հիգիենիկ սովորույթները, ձեռքերը լվանալը, ատամները մաքրելը ևս գնահատվում են բավարար:

«Այսօրվա դեռահասներն առանձնանում են իրենց հոգեբանական խնդիրներով, աղջիկների շուրջ 10 տոկոսը և տղաների 9 տոկոսը մտածում են ինքնասպանության մասին և դա համարում հավանական. ծնողը կամ դպրոցում ուսուցիչը երբեք ազատ զրույզ չի ունենում դեռահասի հետ, լսում ու գնահատում նրա արարքները: Այսպիսով,  դեռահասը մնում է միայնության մեջ, և գլխով ինչ ասես չի անցնում»,-նկատում է բժիկը:

Տղաների 28,8տոկոսը և աղջիկների 7,1տոկոսը դեռահասության շրջանում փորձել են ծխել: Ընդհանուր դեռահասների շուրջ 2/3-ը օգտագործում է ալկոհոլ, 2,5 տոկոսն էլ  փորձում է թմրանյութեր` կանեփ:

Բժշկուհին ասում է, որ հետագայում առողջության և հոգեբանական վիճակի հետ կապված կարող են լինել բարդույթներ, որոնք դեռահասության շրջանի հետևանքներ են:

«Ընտանիքի աջակցությունը դեռահասին պարտադիր է, ծնողները խորհուրդներով, իրենց կենսափորձով, հոգեբանական վիճակով պետք է ներազդեն երիտասարդի վրա,-ասում է նա:

Ուսումնասիրությունների համաձայն`դեռահաս տղաների մոտ 20 տոկոսը և աղջիկների 1 տոկոսը սեռական փորձ են արել. «Դպրոցում պետք է սեռական դաստիարկության դասընթաց լինի, որպեսզի դեռահասն այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք փնտրում է փողոցում, ստանա դպրոցում, իհարկե, եթե դա չեն անում ծնողները »,-բացատրում է Միրզոյանը:

Դիտվել է 1740 անգամ:
Print Friendly

Leave a Reply