Բժշկական ապահովագրությունը կդառնա պարտադիր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2010 14:41

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն աշխատանքներ է տանում բժշկական ապահովագրությունը Հայաստանում պարտադիր դարձնելու ուղղությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը, մինչեւ տարեվերջ նախարարությունը հավանաբար ՀՀ կառավարություն կներկայացնի բժշկական պարտադիր ապահովագրության իրականացման մշակված մեխանիզմները:

«Մենք գոհ չենք կամավոր ապահովագրությունից, չնայած` որոշակի առաջընթաց կա: Ներկայումս աշխատում ենք պարտադիր ապահովագրության ներդրում իրականացնելու ուղղությամբ, եւ այդ մասով լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Ա. Տեր-Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից, Հայաստանում գործում է 12 գրանցված եւ լիցենզավորված ապահովագրական ընկերություն, որոնցից մեկի՝ «Լոնդոն-Երեւան Կօ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել,ինչպես նաեւ լիցենզավորված գործունեություն են ծավալում 5 ապահովագրական բրոքերային ընկերություններ:

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստանում գործող գրեթե բոլոր ապահովագրական ընկերություններն էլ մատուցում են բժշկական ապահովագրության ծառայություններ: Օրինակ` ապահովագրական ընկերություններից մեկն առաջարկում է առողջության ապահովագրություն, որը նախատեսում է երկարաժամկետ եւ համապարփակ բժշկական ապահովագրական ծածկույթ Հայաստանի Հանրապետությունում:

Այնտեղ մեկ անհատի համար հաշվարկված առողջության տարեկան ապահովագրավճարը տատանվում է 35.550 դրամից մինչեւ 157.000 դրամ` կախված ընտրված ծառայությունների շրջանակից: Գնային քաղաքականությունը գրեթե նույնն է նաեւ մյուս ապահովագրական ընկերությունների դեպքում:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply