Տրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2010 14:24

Այսօր տրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Տ. Սարգսյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, նշեց, որ այն կնպաստի էլեկտրոնային հասարակության ձեւավորմանը: Նրա խոսքով, ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաները դարձնել հասանելի, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին թույլ կտան ձեռք բերել համակարգիչ` վճարումը կատարելով ամիսների ընթացքում: Նա կարեւորեց բանկերի ակտիվ մասնակցությունը` նշելով, որ արդեն հազարավոր քաղաքացիներ կարողացել են ձեռք բերել համակարգիչներ:

Տ. Սարգսյանի խոսքով, ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց համակարգիչների: «Մենք նպատակ ունենք բարելավել համակարգիչների քանակը դպրոցներում: Ուսումնական հաստատություններում դրանց լայնորեն կիրառումը որակապես փոխելու է դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը` բարձրացնելով արդյունավետությունը»,- ասաց վարչապետը: Ըստ նրա` Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ 3 տարիների ընթացքում ծրագիրն այնպիսի թափով ընթանա, որ մեծ թվով քաղաքացիներ կարողանան օգտվել:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Համակարգիչ բոլորի համար» պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել: Արդեն շուրջ 17 հազար մարդ ձեք է բերել համակարգիչ: «Մեկ տարվա ընթացքում ապացուցվեց, որ այս ծրագիրը կարեւոր դերակատարում ունի, որի նպատակը միայն համակարգիչների վաճառքը չէր, այլեւ սերմանել էլեկտրոնային գրագիտություն:

Ծրագիրը բացառիկ էր նրանով, որ մի սեղանի շուրջ համախմբեց կառավարությանը, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների, բանկային համակարգի ներկայացուցիչների»,-ասաց Բ. Ենգիբարյանը: Ըստ նրա` իրանք ուս ուսի տված կարողացան գտնել մոդել, որն այսօր ոչ միայն աշխատում է Հայաստանում, այլեւ օգտագործվում է հարեւան երկրներում:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ամբողջ տարածքում: ՀՀ քաղաքացիները կարող են 20 վաճառակետերից 2 տարի մարման ժամկետով ձեռք բերել համակարգիչներ: Բ. Ենգիբարյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել վաճառակետերի ցանկը: Ծրագրի վերաբերյալ առավել մանրասման տեղեկություններ տեղադրված են www.computerforall.am ինտերնետային կայքում:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply