Լ. Շիրինյան. «ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2010 14:05

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավար եւ իրավական պետություն է` իր Սահմանադրությամբ եւ օրենքներով: ԼՂՀ Սահմանադրության 4-րդ տարեդարձին ընդառաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա` Սահմանադրությունը` դրոշի, օրհներգի ու զինանշանի հետ միասին, երկրի հիմնական խորհրդանիշերն են, որոնք ժողովրդին տալիս են վստահություն եւ հպարտության գիտակցում: «Աշխարհում շատ երկրներ կան, որոնք չունեն Սահմանադրություն` Իսրայելը, Մեծ Բրիտանիան, սակայն այդ բացը լրացնում են այլ օրենսդրական ակտերով: Արցախի Սահմանադրությունը մարդկանց այն գիտակցումն ու հոգեբանությունն է տալիս, որ իրենք արդեն կայացած պետություն են, ունեն մայր օրենք, եւ ինքնիշխան են:

Եթե այդ գիտակցությունը կա, ապա մնացածը երկրորդական են»,-ընդգծեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա, ինչը ստիպում է արցախցուն լինել ավելի կարգապահ եւ օրենքը հարգող անհատ: «Արցախցին միշտ պետության դրոշը ձեռքին է պահել, անգամ երբ չի ունեցել անկախություն: Արցախում մեծ հարգանք կա զինվորականության եւ հոգեւոր դասի նկատմամբ»,-համոզմունք հայտնեց Լ. Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` այսօր առաջնային է ոչ թե ԼՂՀ ճանաչումը, այլ արցախցիների գիտակցության ձեւավորումը: «Չեմ կարծում, որ Արցախի պարագայում ճանաչումն այդքան կարեւոր է: Եթե եղավ ժողովրդի գիտակցությունը, ապա ճանաչումն ինքնըստինքյան կլինի: Որքան ուժեղ եղավ պետությունը, այնքան միջազգային հանրությունը կհարգի նրան, եւ հաշվի կնստի վերջինիս կարծիքի հետ»,-փաստեց նա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը կդառնա չորս տարեկան:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply