Բժիշկների միջին աշխատավարձը կրկնապատկվել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2010 13:32

Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառման միջոցով միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ամսական միջինը մոտ 17-19 միլիոն գումար է վճարվել դրամարկղ, որոնց մի մասը տրամադրվել է բուժաշխատողների աշխատավարձերի վճարման համար:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայասատանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը, ներդրված համակարգը թույլ է տալիս բժիշկների աշխատավարձը բարձրացնել եւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

«Համավճարի սկզբունքն առաջինը կիրառել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ արդեն աշխատավարձը տատանվում է 85 հազարից 1 մլն 900 հազար դրամի սահմաններում: Այնտեղ ամեն բժիշկ ստանում է այնքան, որքան աշխատել է»,-ասաց Ա. Տեր-Գրիգորյանը` հավելելով, որ բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումից հետո այնտեղ բժիշկների միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է` 130 հազարից հասնելով մոտ 300 հազարի:

Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային սկզբունքը հիվանդի բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գնի եւ նույն ծառայության իրական ծախսերի տարբերության փոխհատուցումն է հիվանդի կողմից: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս հիմնել հիվանդների եւ բժիշկների նոր փոխհարաբերություններ, կանխատեսելի դարձնել բնակչի կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առողջապահական շուկայում առկա ստվերային շրջանառությունը, թափանցիկ դարձնել ֆինանսական միջոցների բաշխումը բուժհաստատության ներսում, բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը»,-ընդգծեց նա:

Համավճարի սկզբունքը չի կիրառվելու որոշակի խմբերի դեպքում` հաշմանդամ անձանց, մինչեւ 7 տարեկան երեխաների, սոցիալապես անապահով խավերի նկատմամբ: Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմն այս տարվա հուլիսի մեկից փորձարարական կարգով ներդրվել է «Արաբկիր», իսկ դեկտեմբերի մեկից` «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply