«ԱԼՄ»-ի եթերում սկսել է ցուցադրվել ՀՀ ու ԼՂՀ ամբողջական քարտեզը
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | May 27, 2009 19:23
«ԱԼՄ» հեռուստաընկերությունը եղանակի տեսությունը հաղորդելիս արդեն 15 օր է` եթեր է հեռարձակում ՀՀ և ԼՂՀ ամբողջական քարտեզը` ներառյալ ազատագրված տարածքները: Ցուցադրվող քարտեզը «ԱԼՄ»-ի համար կազմել են «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնության կամավորները:
2008-ի աշնանից գործող «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնության նպատակն է պայքարել լրատվամիջոցներում և ինտերնետում Հայաստանի և ԼՂՀ-ի սխալ քարտեզների տարածման դեմ: «Ազատագրված յոթ շրջանները պատմական Հայաստանի տարածք են և այսօր ԼՂՀ մաս են կազմում: Սխալ քարտեզ ցուցադրելով` մեր հեռուստաընկերությունները խախտում են ԼՂՀ սահմանադրությունը,- ասում է նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Միրաքյանը,- Բացի այդ, այդ տարածքներում են ծառայում բազմաթիվ հայորդիներ, հազարավոր հայեր են ապրում, որոնց համար տեղեկատվական վակուում է ստեղծվել»:
Միրաքյանի խոսքերով` հայաստանյան հեռուստաընկերությունները, ազատագրված տարածքներն անտեսելով, մոռացության են մատնում նաև այդ տարածքների բնակիչներին:
Նախաձեռնության անդամները, ճիշտ քարտեզով և այդ տարածքների հայկական լինելը վկայող փաստաթղթերով զինված, դիմել են բոլոր հեռուստաընկերություններին և Մետեո-TV-ին: Սակայն միայն «ԱԼՄ» հեռուստաընկերությունն է սկսել ամբողջական քարտեզ եթեր հեռարձակել: «Առաջիկայում նորից կդիմենք տարբեր հեռուստաընկերությունների` մատնանշելով «ԱԼՄ»-ի օրինակը, և այս անգամ այլևս չեն կարողանա ասել, թե ամբողջական քարտեզ ցուցադրելը կվնասի Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցություններին»,-ասում է Միրաքյանը` հավելելով, որ ադրբեջանցիները ոչ միայն սրտի ուզածով քարտեզներ են կազմում և տարածում, այլ նաև Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան` չվախենալով բանակցություններին խոչընդոտելուց:






Facebook
Tweet This
Email This Post
