Ադրբեջանում կախվելու ճանապարհով ինքնասպանությունների միտումը փոխարինվում է ինքնահրկիզումներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 10:40

Ադրբեջանում կախվելու եւ բարձրահարկերից նետվելու ճանապարհով ինքնասպանությունների միտումը փոխարինվում է օրեցօր աճող ինքնահրկիզումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը: Թերթը հայտնում է, որ Բաքվի Աբշերոնի շրջանի 36-ամյա բնակիչ, նավթագործ Նաթիգ Իսմայիլովը Գոբի գյուղում ինքնասպանություն է գործել՝ բենզինով ինքնահրկիզման դիմելու միջոցով:

Թեեւ նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Իսմայլովի կյանքը: Նավթագործի` ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ: Ինքնահրկիզմամբ կյանքին վերջ է դրել նաեւ Լենքորանի շրջանի Խոլմալը գյուղի բնակիչ 45-ամյա Այբենիզ Բաղիրովան: Նա երկու մանկահասակ երեխաների մայր է: Սաբիրաբադի Իսգենդերովի փողոցի բնակարաններից մեկում գազի արտահոսքից բռնկված հրդեհի արդյունքում մահացել են բնակարանում գտնվող պապն ու 2 տարեկան թոռը:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքի համաձայն` Մինգեչաուրում հրդեհից այրվել են նաեւ 44-ամյա հայրն ու նորածին դուստրը: Հրշեջները նրանց արդեն մահացած գտել են հինգ հարկանի հանրակացարանի 4-րդ հարկի բնակարանում: Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ: Բաքվում ինքնասպան է եղել Վրաստանի քաղաքացի 43-ամյա Վլադիմիր Մաշաշվիլին: Նա իրեն կախել է Ջավիդի պողոտայում գտնվող բնակարանում: Նրա՝ ինքնասպանության դիմելու պատճառը եւս հայտնի չէ: Վ.Մաշաշվիլին հրեական համայնքի վարչության անդամ է:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply