Բրյուսելում քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 8, 2010 10:17

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:   Պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը:

Եվրոպական Միության տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էին 2011-ին ԵՄ նախագահություն ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը եւ  Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խորհրդի նիստում քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության օրակարգը, հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:

Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական մերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ասաց, որ Հայաստան – ԵՄ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության  առաջնայնություններից է եւ հայկական կողմը շարունակելու է նպատակաուղղված քաղաքականությունը հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց եւ երկուստեք գոհունակություն հայտնվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ,  միաժամանակ նշվեց, որ ծրագիրը ընդլայնման զգալի ներուժ է պարունակում:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ` քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների,  Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, իրենց աջակցությունը հայտնեցին իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Ասոցիացման համաձայնագիրը կամրապնդի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրավական հենքը, նոր խթան կհաղորդի էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:

Երկուստեք նշվեց Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընգծվեց, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար:

Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ եվրոպական կողմը մտադիր է առավել ակտիվացնելու իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման  բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացը: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին ընդգծեց, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերն անընդունելի են:  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշեցին, որ Եվրոպական Միությունը ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները ներկայացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը,  կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Խորհդրի նիստին նախորդեց Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի առանձնազրույցը, իսկ նիստի ավարտին ՀՀ արտգործնախարարն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Դեկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ:

Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարները նշեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ  մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում Վիլլա Ամպեն մշակութային կենտրոնի հիմնադրումը` որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում:

Նախարար Վանակերը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը:

Իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով՝ Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Ավարտելով այցելությունը Բրյուսել՝ Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերը:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply