Թուրքիայում հանելուկային գազանը պատառ-պատառ է անում գյուղերի շներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2010 3:23

Թուրքիայի Բիլեջիք նահանգի մի շարք գյուղերի բնակիչներ սարսափի մեջ են, քանի որ տարօրինակ գազանը, որը ականատեսների նկարագրության համաձայն, նման է բորենու, պատառ-պատառ է անում գյուղերի շներին եւ ուտում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Սելյոզ գյուղի հովիվներից Հասան Բայրաքը պատմել է, թե ինչպես է անհայտ գազանը, որի առջեւի ոտքերը երկար էին, իսկ հետեւինը՝ կարճ, հարձակվել ոչ թե գառների, այլ՝ հովվաշան վրա եւ փախցրել անտառ, որտեղ ավելի ուշ, շան միայն ոսկորներն են հայտնաբերել։

Սելյոզի գյուղապետը նշել է, որ բորենու ֆիզիկական տվյալներով գազանը արդեն հասցրել է պատառ-պատառ անել գյուղի 5 շներին, որոնց կերել է մինչեւ ոսկորները։

Աբասլըքի գյուղացիներից Սուլեյմանը եւս շեշտել է, որ իրենց գյուղի շները արդեն 3 ամիս է անհետանում են եւ նրանց ոսկորներն են միայն հայտնաբերվում։ «Այդ գազանների պատճառով գյուղում շուն չի մնացել։ Գնացել ենք մեկ այլ շրջանից ենք շներ բերել, սակայն այդ շներին եւս հոշոտել են հանելուկային գազանները։ Շները չեն կարողանում փրկվել այդ կենդանիներից։ Մինչ հիմա ոչ նման գազան էինք տեսել, ոչ էլ՝ լսել»,-նշել է Սուլեյմանը։

Աբասլըքի գյուղապետ Մեհմեդ Օրհանը նկատել է, որ այդ հանելուկային գազանները նման են բորենիների։ «Այդ կենդանիներն արդեն գյուղի 18 շներին հոշոտել են։ Գյուղացիները սարսափի մեջ են»,-ասել է գյուղապետը։

NEWS.am

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply