Գրիպով հիվանդների թվի ավելացում չի գրանցվել դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2010 16:55

Հանրապետությունում դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրիպով եւ սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդների թվի ավելացում չի գրանցվել:

Ինչպես  նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, հանրապետությունում իրականացվում է գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների շաբաթական մոնիտորինգ, որն էլ վկայում է, որ հիվանդների թվի ավելացում չի գրանցվել:

«Վերջին մեր ունեցած տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս, որ գրիպով եւ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացությունը բարձր մակարդակի վրա չէ. նույնիսկ նվազման միտումներ են նկատվում: Բայց դա հիմք չէ, որ մենք հանգիստ նստենք:

Միանշանակ, մեր կողմից վերահսկողությունը շարունակվելու է»,-ասաց Լ. Թորոսյանը: Մոնիտորինգ է անցկացվում դպրոցներում, մանկապարտեզներում` պարզելու համար, թե բացակայությունները որքանո՞վ են պայմանավորված սուր շնչառական հիվանդություններով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շնչառական հիվանդություններով պայմանավորված բացակայությունները 0.8 տոկոսը չեն գերազանցում:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հագնվել եղանակին համապատասխան, շատ հեղուկ խմել, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել: Կոչ է արվում խուսափել գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից: Հիվանդ լինելու դեպքում չպետք է աշխատանքի հաճախել, չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ կազմակերպել բժշկի այցը տուն: Հազալիս եւ փռշտալիս պետք է պահպանել անհրաժեշտ կանոնները, իսկ տան, դպրոցի, աշխատանքի վայրի սենյակները հաճախ օդափոխել:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply