Մ. Հակոբյան. «Նախատոնական օրերին Հայաստանի գործարարները սկսում են ավելի շատ շահույթ ստանալու մասին մտածել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 15:18

Սպառողների ազգային ասոցիացիան կոչ է անում բնակիչներին պատահական վայրերից սննդամթերք չգնել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, շատ դեպքերում առեւտրի կետերում հանդիպում են անհայտ ծագման, առանց մակնշման կամ թերի մակնշված ապրանքատեսակներ:

«Կոչ ենք անում բնակչությանը ձեռքբերել հայտնի ընկերությունների ապրանքատեսակներ, որոնք վտանգավոր չեն առողջությանը: Հաճախ տնային պայմաններում պատրաստված այնպիսի քաղցրավենիքների ենք հանդիպում, որոնց պարունակության մեջ կան մեծ քանակությամբ ներկանյութեր: Ի դեպ, մեզանից յուրաքանչյուրը տարվա ընթացքում այս կամ այն ճանապարհով ուտում է 40-50 կգ ներկանյութ»,-ասաց Մ. Հակոբյանը: Նա կոչ արեց նաեւ առաջիկայում ամանորյա գնումներ կատարելիս առաջնայնությունը տալ հայրենական արտադրությանը, քանի որ այն ավելի վերահսկելի է տեղի կառույցների կողմից:

Անդրադառնալով ամանորյա թանկացումներին` Մ. Հակոբյանը նշեց, որ նախատոնական օրերին Հայաստանի գործարարները սկսում են ավելի շատ շահույթ ստանալու մասին մտածել: Արդյունքում` գրեթե բոլոր ապրանքատեսակների շուկաներում գների բարձրացումներ են արձանագրվում:

«Նախատոնական օրերին քաղաքակիրթ երկրներում իրականացվում են լայն սպառման ապրանքների գների իջեցում, եւ դա նորմալ է, իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Եթե հաշվի առնենք, որ այս տարի որոշ ապրանքատեսակների գների բարձրացում է արձանագրվել, ապա ամանորյա թանկացումների պարագայում մարդիկ կհայտնվեն բավականին դժվարին վիճակում»,-ասաց Մ. Հակոբյանը: Նրա խոսքով, պետությունն իր վրա պետք է վերցնի զսպողական գնային քաղաքականության հարցը:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply