Քարե թռչող ափսեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 7, 2010 12:50
Չինաստանի Ցզյանսի գավառի Հուանգու ավանում բանվորներն ածխի հանքահորից 10 միանման քարե մեծ բեկորներ հանեցին: Դրանք շուրջ 3 մ տրամագծով և 400 կգ քաշով սկավառակներ էին, որոնք կարելի էր համարել հին չինացիների պաշտամունքի առարկաներ, եթե չլինեին նախկինում գտնված իրերը…
1938 թ. հնագետների խումբը Տիբեթի Բայան-Կարա-ՈՒլա լեռնաշղթայում մի տարօրինակ գերեզմանոց էր հայտնաբերել. ժայռափոր 716 փոքր քարանձավներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ զմռսված մարմին կար: 115 սմ հասակ ունեցող կմախքներից յուրաքանչյուրի ոտքերի տակ քարե սկավառակ կար: Դրանց տրամագիծը 23, իսկ հաստությունը` մոտ 5 սմ էր, կենտրոնում կլոր անցք կար:
Անցքի մոտ գալարագծով մանր հիերոգլիֆներ էին փորագրված: Զարմանալի է, որ սկավառակների քաշն օրվա ընթացքում մեկ պակասում էր, մեկ ավելանում:
Պեկինի համալսարանի պրոֆեսոր Ցում ՈՒմ Նույը 1962 թ. վերծանեց հին գրերը: Նա պնդում էր, որ սկավառակների վրա մանրամասն նկարագրված է այլմոլորակային եկվորների պատմությունը, որոնց թռչող սարքը մի քանի հազար տարի առաջ կործանվել է Բայան-Կարա-ՈՒլա լեռների շրջանում:
Այլմոլորակայիններն իրենց անվանում էին «դրոպա», և քարանձավներում գտնվել էին նրանց աճյունները: Լեռներում ապրող վայրի ցեղերը ոչնչացրել են այլմոլորակայինների մեծ մասին: Սակայն որոշ ժամանակ անց կենդանի մնացած էակները լեզու են գտել վայրենիների հետ:
Երբ դրոպաները հասկացել են, որ վերադարձի ճանապարհն ընդմիշտ փակ է, սկսել են հարմարվել նոր կյանքին և վայրենիներին փոխանցել իրենց գիտելիքները:
Քարանձավներից մեկում, որտեղ գտնվել են ցածրահասակ մարդկանց կմախքները, հայտնաբերել են նաև ժայռապատկերներ, որոնցում պատկերված են մի քանի աստղեր, Արեգակը, Երկիրը և Լուսինը: Երբ հնագետները հայտնաբերել են ժայռապատկերները, շրջակայքում դեռ բնակվում էր դրոպա կիսավայրի ցածրահասակ մարդկանց ցեղը:
Անժելա Շահումյան






Facebook
Tweet This
Email This Post
