Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը շահագործման կհանձնվի 2011թ-ի դեկտեմբերին

Օրվա լուր | | December 7, 2010 11:09

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը շահագործման կհանձնվի 2011թ-ի դեկտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, հիվանդանոցը կառուցվում է քաղաքի գլխավոր մուտքի մոտ եւ տեսանելի է քաղաքի բոլոր կողմերից: Հաշվի են առնվել բարձրադիր տեղանքի բոլոր առանձնահատկությունները:

Այն կառուցվում է անհատական նախագծով եւ նախատեսված է 120 հոգու համար: Տեղական շինանյութը հնարավորինս օգտագործելու համար շենքի արտաքին երեսպատումը կիրականացվի Ղարաբաղի մարմարով, իսկ ներքին հարդարումն իրականացնելիս կօգտագործվեն հիվանդանոցային շինարարության մեջ միջազգայնորեն ընդունված նյութեր` հեշտ լվացվող եւ ասեպտիկ: Շնորհիվ շրջանաձեւ եւ կիսաշրջանաձեւ ճարտարապետական լուծումների` բաժանմունքներն ու հիվանդասենյակները միմյանց կապող միջանցիկ տարածություններն առավել կարճ են, հետեւաբար եւ առավել խնայողաբար կարելի է ապահովել շենքի ջեռուցումը, զովացումը եւ օդափոխումը:

Մեծ ուշադրություն է դարձվել բուժանձնակազմի տեղաշարժի եւ աշխատանքի հարմարավետությանը: Ապակեպատ մասում նախատեսվում է ունենալ խորհրդակցությունների դահլիճ: Հիվանդանցոը կունենա ներքին եւ արտաքին կանաչապատ բակեր, որոնք եւս կնպաստեն հիվանդի արագ ապաքինմանը: Ծրագիրն իրականացվում է մոսկվայաբնակ բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 4 մլն 570 հազար դրամ է:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply