Այսօր Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2010 10:35

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցը: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զանգվածային վնասվածքների եւ փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ: Այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:41րոպեին:

Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված` լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1մլն մարդ: Ընդհանուր առմամբ տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազարը, որոնցից հոսպիտալացվել է 12 հազար 500-ը, զոհվել է 20 հազարից ավելի մարդ. շուրջ 17 հազարը` Գյումրիում, 4 հազարը` Սպիտակում:

Երկրաշարժից ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ: 2001 թվականին ընդունված ՀՀ օրենքով հաստատված աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով պետական պարտավորություններ ձեւավորվեցին ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի եւ Տավուշի մարզերի բնակավայրերում բնակարանային խնդիրների լուծման կարիք ունեցող 14 հազար 920 ընտանիքների նկատմամբ:

Ձեւավորված պարտավորությունների դիմաց 2001-2008թթ. ընթացքում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված ծրագրերի շնորհիվ 14 հազար 920 ընտանիքներից 13 հազար 347-ը բարելավել են իրենց բնակարանային պայմանները: Երկրաշարժից հետո դեռեւս անօթեւանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարցերը կարգավորվեցին ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգով:

Հայեցակարգի դրույթների համաձայն` մինչեւ 2013 թվականը նախատեսվում է լուծել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 6 հազար 930 ընտանիքների բնակարանային խնդիրները: Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ընթացիկ տարում բնակարանային ապահովման աջակցություն է ստացել 1056 ընտանիք Գյումրիում, 220-ը` Սպիտակում եւ շուրջ 525-ը` Լոռու մարզի գյուղերում: Գյումրիում առաջիկայում նախատեսվում է կառուցել 32 շենք:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply